Հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Փաշինյանին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Վարչապետը հայտարարել էր. «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, առանց փողի ոչ մեկ չի քվեարկել նրանց օգտին»:
Քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմում Լուսինե Ավագյանը նշել է, որ ինքն ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է, և Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել «չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը»։ Հետևաբար, քաղաքացին պահանջում է դատարանից պարտավորցնել Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն հերքել Լուսինե Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հերքման մեջ նշելով, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ «սուտ» է:
Լուսինե Ավագյանի խոսքով.- «Շատ վիրավորկան էր այդ արտահայտությունը, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության»:
Ավագյանը նաև պահանջում է, որպեսզի վարչապետը հրապարակայնորեն ներողություն խնդրի՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ Լուսինե Ավագյանին «ընտրակաշառք ստացող անվանելու համար»։
«Ես, իսկապես, որպես իրավաբան զարմանում եմ, ինչու պետք է մի ամբողջ ժողովրդի հսկայական մասի… չէ՞ որ բոլորս էլ գիտենք՝ 50 տոկոսի շեմն էլ չի հաղթահարել, մնացած մասին համարել հանցագործներ: Նորմալ է, յուրաքանչյուր երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ընտրի իշխող կուսակցությանը, հետևաբար ի՞նչ, այդ մարդիկ հանդիսանում են ռուսամետ, եվրոպամետ կամ կաշառք վերցրա՞ծ»,- շեշտում է Ավագյանը:
Փաստաբանն ասում է, որ թեև անհատական հայց է ներկայացրել վարչապետի դեմ, սակայն իր այս քայլով փորձում է վերականգնել ոչ միայն իր պատիվն ու արժանապատվությունը, այլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր օգտվելով իրենց ընտրական իրավունքից, ձայն են տվել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմադիր որևէ ուժի:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում միայն ընդդիմադիր 3 ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր շուրջ 550 հազար ընտրող:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















