Ունեինք տիկնիկային կառավարում, հիմա էլ ավելի տիկնիկային է լինելու, որովհետև ԺՊ-ն լինելու է Տիգրան Ավինյանի ընկերը. Իզաբելլա Աբգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը 

– Տիկի՛ն Աբգարյան, Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ո՞րն էր սրա նպատակը՝ ըստ ձեզ։

– Քաղաքապետի հրաժարականը չենք կարող անսպասելի համարել, որովհետև վաղուց կանխատեսում էինք, որ կարող է նման բան տեղի ունենալ։ Կարծում եմ, քանի որ ասում են՝ օրենսդրական որոշակի խնդիրներ կան արտահերթի գնալու համար, այսինքն՝ քաղաքապետի պաշտոնում լինելու է պաշտոնակատարը մինչև հերթական ընտրությունները, և հաշվի առնելով, թե ով է լինելու պաշտոնակատարը, անշուշտ, միայն մեկ ենթադրություն կարող եմ անել, որ այս ամենի նպատակն էր քաղաքն ամբողջությամբ անցկացնել Տիգրան Ավինյանի վերահսկողության տակ, որովհետև մարդը, որը պաշտոնակատար է լինելու, իրականում Ավինյանի ընկերն է, ու, բնականաբար, ուղիղ Ավինյանի կառավարման տակ է անցնելու քաղաքը։ Ամբողջ նպատակը, կարծում եմ, սա է։ 

– Բայց մինչ այս էլ հանրությունն ամենուրեք Տիգրան Ավինյանին էր տեսնում, այլ ոչ թե Հրաչյա Սարգսյանին։ 

– Այո՛, բնականաբար, ելնելով քարոզարշավային տրամաբանությունից, որն իրենք սկսել են շատ վաղուց, լուսաբանման բոլոր դրվագներում Ավինյանն էր, բայց արվում էին տարբեր աշխատանքներ, ստացվում էր, որ քաղաքի տարբեր հատվածներում արվող գործերի մասին խոսում էր Հրաչյա Սարգսյանը, իսկ նկարվում ու լենտեր էր կտրում Տիգրան Ավինյանը, ինչը, բնականաբար, երևանցիների մոտ տպավորություն էր թողել, որ մեկն աշխատում է, իսկ մյուսը զբաղված է լուսանկարվելով ու այս կամ այն բացման արարողությամբ։ Կարծում եմ՝ սա հասկանալով նաև Հրաչյա Սարգսյանին ուղարկեցին հանգստի։

– Հրաժարականի իր ելույթում Սարգսյանը մեկ ուշագրավ միտք արտահայտեց, որ «հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են, ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին»։ Այս հատվածն ինչի՞ մասին է խոսում, ու ինչպե՞ս կգնահատեք այն։

– Բնականաբար, Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանի ու կառավարության և խորհրդարանի ՔՊ թիմերի հետ շփումը շատ ավելի հեշտ է ու կարգավորված, բայց Հրաչյա Սարգսյանը չէր, որ այդ ամենը կարգավորեց: 

Հայկ Մարությանի հրաժարականից հետո ցանկացած մեկն էլ լիներ, ՔՊ-ից նույնն էր լինելու, այսինքն՝ խնդիրը Հայկ Մարությանի կոնֆլիկտն էր։ Ասել, թե ես եկա, որ կոնֆլիկտը հարթեմ, այնքան էլ ճիշտ չէ, այդ կոնֆլիկտը էլի կարող էր հարթվել ժողովրդավարական տարբերակով, երբ Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքը գնար արտահերթ ընտրությունների, ոչ թե իրականացվեր այս կրկեսը, որ մեկ տարի շուտ բերեցին իրենց թեկնածուին, նշանակեցին տեղակալ, իսկ հիմա էլ թեկնածուն իր տիրապետության տակ ավելի լայն դաշտ է ունենալու, ինչը նորմալ չէ։ 

Երբ քաղաքապետը երդում է տալիս ու կախում է այդ շղթան, չի անում միայն նրա համար, որ հարաբերություններ հարթվեն, դա նախևառաջ պատասխանատվություն է համայնքի առաջ, իսկ հիմա թողնել ու առանց պատճառի գնալ, երբ մնացել է ընդամենը մի քանի ամիս ավագանու ընտրություններին, անլրջության դրսևորում է։ 

Դրսից մեր գործընկերներն են հարցնում այսօր ինձ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ո՞րն է հրաժարականի պատճառը, ես չեմ կարողանում բերել որևէ պատճառ՝ ինչո՛ւ հեռացավ նա, սա աննորմալ է։ Ժողովրդավար կառավարումը, ցավոք, Հայկ Մարությանից հետո առհասարակ վերացել է Երևանի քաղաքապետարանից։

– Հիմա ի՞նչ կառավարում է, տիկի՛ն Աբգարյան։

– Հիմա ունենք տիկնիկային կառավարում՝ սկսած Հրաչյա Սարգսյանից, որը, բնականաբար, ինքնուրույն չէր, հիմա է՛լ ավելի տիկնիկային է լինելու, որովհետև ԺՊ-ն լինելու է Տիգրան Ավինյանի ընկերը։ Սա ուղղակի ծիծաղելի է, որովհետև բոլորն էլ, այդ թվում՝ Երևան քաղաքի միջազգային գործընկերները, հասկանում են, որ իշխանությունը հանձնվել է մեկին, որը չի ստացել երևանցու քվեն, չի եղել «Իմ քայլի» ցուցակում, և Երևանում տեղի է ունենում ստվերային կառավարում, ինչը շատ արատավոր երևույթ է՝ ցույց տալ մեկ մարդու, բայց կառավարումն իրականացնի լրիվ այլ մարդ, որը չունի երևանցիների քվեն, երևանցին չի լիազորել այդ մարդուն՝ թիմ ձևավորելու համար։ 

– Չեն բացառում, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ձեր դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններո՞վ է հարցը լուծվելու, ու իշխանությունը կարողանալո՞ւ է հասնել այն նպատակին, ինչի համար արվում է այս ամենը։

– Բնականաբար, վարչական ռեսուրսներին տիրապետելու առումով հիմա Տիգրան Ավինյանի ձեռքերն ամբողջովին ազատ են, չկան նաև այլ կադրեր, որոնք Հրաչյա Սարգսյանի ընկերներն էին, որովհետև նրանք էլ հրաժարական ներկայացրեցին, այսինքն՝ Հրաչյա Սարգսյանի կադրերն էլ են գնում, ու հիմա ամբողջն անցնում է Տիգրան Ավինյանի ենթակայության տակ։ 

Վարչական ռեսուրսների կիրառման առումով այս ամենն ավելի լայն ու անկաշկանդ հնարավորություն է տալիս, բայց դժվար է ասել՝ նրանք հաջողություն կունենան, որովհետև այս քայլերը, որոնք արվեցին վերջին տարիներին՝ Մարությանի իմփիչմենթից սկսած Երևանի քաղաքապետարանում, բոլորը հասկանում են, որ դա արվում էր Տիգրան Ավինյանի համար, չի կարող վարկանիշ բարձրացնել նրա համար։ Կարծում եմ՝ եթե ՔՊ-ն չփոխի իր թեկնածուին, լուրջ խնդիրներ են ունենալու ընտրություններին, որքան էլ վարչական ռեսուրս կիրառեն։

– Բայց հավանական համարո՞ւմ եք, որ կփոխեն թեկնածուին։

– Չեմ կարող ասել, որովհետև շատ համառորեն են ասում, որ նա է իրենց թեկնածուն, բայց կարող եմ ասել մի բան՝ ավելի վատ իրենց համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am