«Ամբողջ ազգով պետք է պայմանավորվենք ամսական 2-4 դոլար վճարենք, որպեսզի մեր սահմաններն ամուր լինեն, զինծառայողների ընտանիքները՝ ապահովված». հիմնադրամի տնօրեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը

– Պարո՛ն Ավետիքյան, հատկապես պատերազմի ժամանակ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարևորությունը շատ մեծ է։ Այս օրերին գումարների հավաքման ակտիվություն է նկատվում ըստ հիմնադրամի հաշվետվությունների։ Ինչպիսի՞ն են տեմպերը, ձեզ գոհացնո՞ւմ են։

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր, անխտիր բոլոր նվիրատուներին, ովքեր անցնող մեկ ամսվա ընթացքում կատարել են նվրատվություններ աշխարհի 70 երկրներից։ Նվիրատվությունների ծավալը սկսվում է 1 դոլարից հասնում մինչև 1 մլն դոլարի։ Մենք հաշվետվություն ներկայացնում ենք երեք օրը մեկ անգամ, և երեկվա տվյալների համաձայն, մեկ ամսվա ընթացքում 6 մլն դոլար ենք հավաքել։

– Գոհացնո՞ղ արդյունք է։

– Դժվար է ասել։ Մենք շատ երախտապարտ ենք ցանկացած նվիրաբերման համար։ Որպես հիմնադրամի տնօրեն՝ ես և մեր թիմը ամեն ինչ ներդնում ենք, որպեսզի ավելի մեծ ծավալով նվիրատվություններ կատարվեն։ 

Պետք է հիշել, որ հիմնադրամը մեկանգամյա հատուցում չի կատարում, այլ 20 տարի շարունակ հատուցումներ է կատարում զոհված զինծառայողի ընտանիքին և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին, ինչը շարունակականություն է պահանջում։ Այդ պատճառով էլ մենք սկսեցինք նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Մեկը երկու դարձնենք»։

 Այս նախաձեռնության շրջանակներում աշխատում ենք հայաստանյան գործատուների հետ, որոնք 55 հազար են, և հորդորում ենք նրանց միանալ այս նախաձեռնությանը, որի շրջանակներում գործատուները կկարողանան մեզ հետ պայմանագիր կնքել ու կրկնապատկել իրենց աշխատողների կողմից ամսական վճարվող 1000 դրամները։ Ասեմ, որ այս պահին ունենք 50 ընկերություն, որոնք պայմանավորվել են կրկնապատկել 1000 դրամները։

– 55 հազարից 50 ընկերությո՞ւն։ Քիչ չէ՞:

– Դա հետևողական աշխատանք է պահանջում, որպեսզի կազմակերպությունները միանան։ Կան ընկերություններ, որոնք կրկնապատկում են, բայց նաև կան այնպիսիք, որ եռապատկում, քառապատկում, նույնիսկ հնգապատկում են ամսական վճարվող 1000 դրամները։ Բազմաթիվ ընկերություններ կան, որոնք միացել ու միանում են, այդ գործընթացը շարունակական է։

– Պարո՛ն Ավետիքյան, չե՞ք բացառում, որ կարող է գալ մի փուլ, որ 1000 դրամների կրկնապատկումը կամ եռապատկումը պարտադիր ամրագրվի օրենքով՝ հաշվի առնելով նաև այն, որ հիմնադրամի շահառուների թիվն է նաև ավելանում։

– Օրենքով պարտադիր 1000 դրամ սահմանելը օդից վերցրած թիվ չէ, այստեղ կիրառվել են ակտուարական հաշվարկներ, որոնք կատարվել են ժամանակին օրենքը մշակելիս։ Այդ հաշվարկները կատարելիս նախատեսվել էր առաջիկա 80 տարիների համար հիմնադրամի կայունություն։ 

Հիմա որևէ թվի փոփոխություն չի կարող լինել բացառապես զգացական կամ քաղաքական ֆոնի վրա, այլ պետք է լինի հաշվարկների արդյունք։ Մշտապես հաշվարկները կատարվում են, տարբեր սցենարներ են նախագծվում, համագործակցում ենք տարբեր իրավասու պետական մարմինների հետ թվերի ճշգրտման դեպքերի տեսակի, քանակի առումով, որպեսզի հասկանանք, թե արդյոք անհրաժե՞շտ է բարձրացնել 1000 դրամը, թե՞ ոչ, ինչպե՞ս բարձրացնել և այլն։ 

Բացի այդ, պետք է հաշվի առնել մեր աշխատավարձային բաշխվածությունը՝ իրական և ստվերային։ Օրինակ՝ 2019-ին 1000 դրամներով հիմնադրամը ստացել է 7.5 մլրդ դրամ գումար, բայց դեռևս պարզ չէ, որ եթե 1000 դրամը դարձնենք 10000 դրամ, կստանանք 75 մլրդ դրամ։ Հնարավոր է՝ քիչ ստանանք, որովհետև նաև հարկերի պարագան պետք է հաշվի առնել։ Ճիշտ է, դեռևս վաղ է այդ մասին հստակ որևէ բան ասել, թեպետ, իհարկե, չի կարելի բացառել, բայց նաև պետք է հաշվի առնել, թե որքան կշարունակվի պատերազմը։ 

Մինչ այդ, սակայն, մենք խրախուսում ենք, որ մեր գործատուները իրենց կամքով միանան 1000 դրամները բազմապատկելու նախաձեռնությանը, ու դա դառնա նաև համազգային նախաձեռնություն։ Մենք այնպես պետք է անենք, որ ամբողջ ազգը իմանա՝ սա այն կարևորագույն արժեքներից մեկն է, որը ստեղծել է ինքը վերջին տարիներին՝ ապահովագրելով մեր հայրենիքի սահմանները պաշտպանող հերոսների կյանքն ու առողջությունը։ 

Սա է կարևորը։ Սա հանրային պայմանավորվածության խնդիր է նաև։ Սա ոչ թե միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ Սփյուռքի խնդիրն է։ Այսինքն՝ մենք ամբողջ ազգով պետք է պայմանավորվենք ամսական 2-4 դոլար վճարենք, որպեսզի մեր սահմաններն ամուր լինեն, և մեր զինծառայողների ընտանիքները լինեն գոնե ֆինանսապես ապահովված։

– Ըստ հիմնադրամի հաշվետվությունների՝ ամենաշատ նվիրատվություն կատարում են Հայաստանից։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, Սփյուռքը, ըստ ձեզ, ինչո՞ւ մասնակից չէ այս գործին։

– Տեսեք, օրինակ՝ երեկվա տվյալներով վերջին մեկ ամսվա ընթացքում հավաքված 6 մլն դոլարից 64 տոկոսը Հայաստանից է, 36 տոկոսը՝ Սփյուռքից։ Դրա մեջ վախենալու բան չեմ տեսնում, որովհետև Սփյուռքում մարդիկ հաճախ տեղյակ չեն հիմնադրամի մասին։ 

Այդ հարցում էլ կարևոր աշխատանք կա անելու, և մենք մեր կարողությունների չափով պետք է ամեն ինչ անենք, որ ինֆորմացիան դուրս գա, և մարդիկ իմանան։ Զարմանալի բան պետք է ասեմ, բայց Հայաստանում էլ կան մարդիկ, որ տեղեկացված չեն հիմնադրամի գործունեության մասին։ 

Այսինքն՝ կա տեղեկացվածության խնդիր, որը մարտահրավեր է մեզ համար, և մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել ու ավելի շատ տեղեկացնել։ Ամեն օր ես խոսում եմ Սփյուռքում հասարակական կարծիք ձևավորողների հետ, որպեսզի նրանք էլ իրենց շրջապատում տարածեն հիմնադրամի մասին։ Հիմնադրամը չունի ֆինանսական միջոցներ, որպեսզի մարքեթինգային արշավ իրականացնի, այդ պատճառով ամեն ինչ կատարվում է անձնական շփումների ու խնդրանքների շրջանակում։ 

Հետագայում, հնարավոր է՝ որոշ ռազմավարական փոփոխություններ կատարվեն։ Տեսնենք։ Բայց այդ 36 տոկոսի համար ես Սփյուռքին միայն ու միայն շնորհակալություն եմ հայտնում։ Դա էլ, կարծում եմ՝ ահագին բան է։

Բայց եկեք չմոռանանք, որ բազմաթիվ սփյուռքահայեր առաջինը իրենց օգնության ձեռքը մեկնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և դա շատ ճիշտ էր, որովհետև դա մեր անկախ Հայաստանի առաջին հիմնադրամն էր։ 

Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, հետևաբար ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանան, վստահեն ու աջակցեն։ Ես նաև շատ շնորհակալ եմ հայաստանցի թոշակառուներին, որոնք պարբերաբար զանգահարում են ու հետաքրքրվում՝ ինչպես կարող են փոխանցումներ կատարել հիմնադրամին։ 

Վերջերս, օրինակ՝ մի թոշակառու էր մի գյուղից զանգահարել և խնդրում էր օգնել իրեն, որպեսզի իր և կնոջ թոշակից 1000-ական դրամ կարողանա ամեն ամիս փոխանցել հիմնադրամին, մինչև կյանքի վերջ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին շատ են օգնում երեխաներ, որոնք վաճառում են իրենց ձեռքի աշխատանքները և կատարում փոխանցումներ։ Մենք բոլորին, բոլորին շատ շնորհակալ ենք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am