«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, իշխող քաղաքական ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգրքում, որը վերաբերում է ընտրություններին դիտորդական կազմակերպությունների գործունեությանը։ Ըստ նոր կարգավորման՝ ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում՝ առանց հանրային կամ մասնագիտական քննարկումների: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
– Ես նախ համաձայն չեմ, որ չի քննարկվել, հայտարարություն եղավ, որ քննարկվել է, ու երկու ՀԿ-ի անուն նշվեց, որոնցից մեկն ինձ ծանոթ էր, դա Դանիել Իոաննիսյանենց կազմակերպությունն է, հետևաբար կարելի է ասել, որ ամբողջական ու բովանդակային քննարկում է տեղի ունեցել: Ոչ մի զարմանալու բան չկա, եթե մի տեղ ներկա է պարոն Իոաննիսյանը, նշանակում է, որ քաղհասարակությունը այլևս ներկայացված է ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններով, այսպես է կարծում մեր իշխանությունը:
Հայաստանում առհասարակ միակ չեզոք խումբ կարելի է համարել նրանց, ովքեր պաշտպանում են օրվա իշխանություններին, այսինքն՝ այն քաղհասարակության ներկայացուցիչներին, որոնք կիսում են իշխանության տեսակետները, նրանք են չեզոք, այն կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին կամ հոգևորականներին, որոնք կիսում են օրվա իշխանության տեսակետները, նրանք են չեզոք, մնացած բոլորը խիստ քաղաքականացված են և խիստ օբյեկտիվ չեն:
Սա է մեր իրականությունը, առհասարակ ցանկացած հանցավոր ռեժիմ հանցավոր է ոչ միայն իր գործողություններով, այլ նաև ընդունած օրենքներով, որովհետև ցանկացած հանցավոր ռեժիմ փորձում է իր գործողությունները բերել ու տեղավորել օրենքի տառին համապատասխան կատեգորիայի մեջ: Նույն բանն անում է այս իշխանությունը ու անում է շատ վաղուց:
– Ի՞նչ չափանիշներով և ո՞վ է որոշելու դիտորդական կազմակերպությունների չեզոքությունը:
– Չեզոքությունը դիտորդական առաքելություն իրականացնողների համար պարտադիր բաղադրիչներից մեկն է, դա միջազգային նորմերով ամրագրված կանոն է, բայց Հայաստանում այդպես չի եղել, ու եթե անգամ գրանցման պահին չեզոք կամ ոչ չեզոք լինելու հարցը բարձրաձայնվի, ես կարծում եմ, որ առաջինը հենց պետք է գրանցումից զրկեն այն կազմակերպություններին, որոնք մասնակցել են այս օրենքի քննարկմանը, որովհետև այդ մարդիկ վերջին տարիներին ակնհայտորեն հանդես են եկել օրվա իշխանությունների օրակարգը սպասարկողի դերում, ոչ թե կազմակերպությունները, այլ՝ կազմակերպության ներկայացուցիչները: Հետևաբար այդ մարդկանց չեզոք լինելու մասին չի կարող խոսք լինել: Օրենքը կիրառվելու է իշխանությանը հակադիր բևեռների նկատմամբ, իրենց յուրայինների կամ շահերը սպասարկողների համար այդ օրենքները չեն գործում:
– Ձեր գնահատմամբ՝ կա՞ վտանգ, որ այս փոփոխության կիրառման ընթացքում կարող է ձևավորվել ընտրովի մոտեցում։
– Ընտրովի մոտեցում արդեն իսկ կա, եթե հայտարարում են, որ այս օրենքի նախագիծը քննարկել են այն ընկերությունների հետ, որոնց ներկայացուցիչներն ակնհայտորեն այս իշխանությունների թեզերն են առաջ տանում ու պատրաստ են օրվա իշխանությունների ցանկացած քայլ արդարացնելու, ու անգամ ներկա չեն եղել այն կազմակերպությունները, որոնց անունները հնչեցին որպես ոչ չեզոք, օրինակ՝ «Հայաքվեն», բնականաբար, այստեղ օբյեկտիվ գնահատականի ու չեզոքության մասին չի կարող խոսք լինել:
– Այս փոփոխության հնարավոր ռիսկերը որո՞նք են լինելու:
– Արևմտյան հարթակներում Նիկոլ Փաշինյանն արդեն աջակցություն է ստացել, այն սոուսի տակ, որ այստեղ բոլորը Ռուսաստանի մոլի երկրպագուներ են, ու պարզ է, որ այդ նույն սոուսի տակ շարունակելու են ներկայացնել դիտորդական առաքելություն իրականացնողներին: Այս մարդկանց, պարզ է, որ չեն գրանցելու, խոչընդոտելու են նրանց աշխատանքը, բնականաբար Արևմուտքը գալու է ու ասի, որ սա մեկ քայլ առաջ է, ժողովրդավարության հաստատում է, ինչպես արել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Նույն քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք տևական ժամանակ սպասարկում են այս իշխանություններին, նրանք էլ ունեն գրանցած դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ևս հանդես են գալու ու ցանկացած խախտում ներկայացնելու են իբրև փոքր վրիպակ կամ ընտրությունների ելքի վրա ազդեցություն չունեցող պրոցես: Սա շատ կանխատեսելի էր, և ունենալու ենք շատ բարդ իրավիճակ. Նիկոլ Փաշինյանի նկարած ցանկացած թիվ, զանցանք արդարացվելու են իշխանական դիտորդների միջոցով, իսկ մնացածի ձայնը լսելի չի լինելու: Այս ամենը կարող է բերել հետընտրական անհանգիստ վիճակների, ինչն իշխանության համար լավագույն տարբերակը չէ, բայց նա գնալու է դրան:
-Կա՞ վտանգ, որ այս փոփոխությունը կարող է ազդել ընտրական գործընթացի թափանցիկության և վստահության վրա։
– Անտարակույս, ո՞վ է գնահատելու չեզոքությունը՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագա՞հը: Հնարավոր չէ պատկերացնել, որ այս պրոցեսում օբյեկտիվություն է լինելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















