Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցումներով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են հատուկ ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծ, որով առաջարկվում է օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սիմոնյանի խոսքով՝ նախ պետք է քննարկվի և քվեարկվի այդ որոշումը։

Որոշման նախագիծը ներկայացրել է նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ գործող ընտրական օրենսգիրքը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքությունն ու անկողմնակալությունը վերահսկելու համար։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է այդ բացի վերացմանը և ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը։

Ջուլհակյանը նաև ընդգծել է նախագծի հրատապությունը՝ հաշվի առնելով առաջիկա ընտրական գործընթացները և դրանց նկատմամբ հանրային ու միջազգային բարձր ուշադրությունը։