«Մարդիկ այս ահռելի քանակի ինֆորմացիային, ստերին, մանիպուլյացիաներին չեն դիմանում»․Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ կարդալ քաղաքական նորություններ, ավելի շատ հետևել ժամանցային լուրերի։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերլուծել է՝ պատերազմի օրերին և հրադադարին հաջորդած շաբաթների ընթացքում մի քանի անգամ աճել էին լրատվականների, սոցցանցային ակտիվ օգտահաշիվների լսարանները։

Սակայն վերջին օրերի վիճակագրական տվյալները փաստում են, որ հասարակությունը հոգնել է քաղաքական լուրերից։ Cloudflare-ի կողմից հաշվարկված հայաստանյան ինտերնետ թրաֆիկը փաստում է, որ անկում է տեղի ունենում մեկ օրվա մեջ, և այլևս դեպի վերականգնման միտում չկա։

Սամվել Մարտրիոսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը։

«Ես, իհարկե, կարող եմ միայն ենթադրել, որովհետև մինչև սոցհարցում չանցկացնես, շատ բան չես կարող հասկանալ։ Կարող եմ ուղղակի հիմնվել ընդհանուր միտումների վրա, որից բխում է հետևյալը. անկումը է գնում այն հարթակներում, որտեղ քաղաքական քոնթենտ է, և հակառակը՝ աճում է այնտեղ, որտեղ, ընդհանուր ասեմ, զվարճանք է։

Այսինքն՝ տեսնում ենք՝ ոնց են աճում Ինսթագրամի և այն սոցցանցերի ակտիվ օգտահաշիվների լսարանները, որտեղ ապաքաղաքականացված բովանդակություն է։

Ես կարող եմ ուղղակի ենթադրել, որ մարդիկ այս ահռելի քանակի ինֆորմացիային, ստերին, մանիպուլյացիաներին ուղղակի չեն դիմանում։

Այսօր մարդիկ ինչ-որ սպեցիֆիկ սպասումներ չունեն, այսինքն՝ կոնկրետ ակնկալիքներ չկան, որ վաղը չգիտես ինչ է լինելու, դրա համար ուղղակի աբստրակտ հետևելուց դուրս են գալիս»,- ասում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական նորությունների փոխարեն ժամանցային, զվարճանքի քոնթենտի սպառումն է աճել։

Վերջին շրջանում Հայաստանում Տելեգրամի ալիքների հետևորդների թիվն է շատ աճել, ինչը պատերազմի հետևանք է եղել։ Այդ աճը շարունակվում է։

«Տելեգրամի ներբեռնումները Հայաստանում շարունակում են մնալ թոփային։ Բայց բովանդակությանն անընդհատ հետևելու միտումը չկա, այսինքն՝ մարդիկ դադարում են ամեն վայրկյան նորություն ստուգելուց»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Թե որքա՛ն կշարունակվի այս միտումը՝ փորձագետը դժվարանում է ասել։ Նրա խոսքով՝ եթե հանկարծ ցնցումներ լինեն, մարդիկ դարձյալ կսկսեն ավելի ինտենսիվ հետևել լուրերին։

«Այսպես թե այնպես, մեդիա ոլորտն ընդամենը սպասարկող է քաղաքական-հասարակական գործընթացներին։ Այնպես որ, նայած թե այդ ոլորտում ի՛նչ զարգացումներ կլինեն, ինչն այսօր Հայաստանում դժվար կանխատեսելի է»,- հավելում է նա։

Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է նաև կարծիքներին, որ Հայաստանի հասարակությունը քաղաքականացված է, ավելի շատ է մասնակցում սոցիալական ցանցերում քաղաքական թեմաներով քննարկումներին։

«Հարցը հենց այն է, որ իրականում Ֆեյսբուքում գրանցված օգտատերերի շատ փոքր տոկոսն է մասնակցում այդ ֆեյսբուքյան քննարկումներին։ Ֆեյսբուքում Հայաստանից 1,5 մլն մարդ կա, իսկ գերակտիվ զանգվածն ընդամենը մի քանի տասնյակ հազարն են»,- ասում է փորձագետը։

Հարցին, այսինքն՝ միայն սոցցանցերից կարծիք կազմելով՝ չե՞նք կարող ասել, որ Հայաստանի հասարակությունը քաղաքականացված է, շատ է հետաքրքրված քաղաքական զարգացումներով, նա պատասխանում է․

«Իհարկե, այսպես թե այնպես մարդիկ քաղաքականացված են, բայց Ֆեյսբուքի հիման վրա կարծիք կազմել չի կարելի, որովհետև այն մարդը, ով քաղաքականացված է, Ֆեյսբուքն է անընդհատ նրան քաղաքական քոնթենտ ներկայացնում։

Մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե բոլորն այդ թեման են քննարկում, բայց իրականում Ֆեյսբուքի ալգորիթմի աշխատանքն է այդպիսին»։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am