Հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով, քան մինչ հեղափոխություն. Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի կապիտալ ծախսերի իրականացումը։ Սա եղել և մնում է Հայաստանի համար խրոնիկ խնդիր։ Պատճառները բազմազան են, պլանավորման մասով կարողությունների առումով թերություններից սկսած, մասնակիցների ու գնումների համակարգի ներդաշնակության պակասով ավարտած:

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ, որ հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով, քան մինչ հեղափոխություն։ Սա բերել էր նաև կատարողականի որոշակի հավելյալ դանդաղման։ 2020-ի բյուջեի կատարման օպերատիվ ընթացքը դիտարկելիս մտավախություն կար, որ կապիտալ ծախսերի կատարողականը կրկին ցածր կլինի 80%-ից։

Այնուհանդերձ 2020թ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 84.8%: Կապիտալ ծախսերի մասով գերակայությունների փոփոխությանը զուգընթաց կատարողականների ծավալը ևս պետք է էականորեն բարելավել։Հ․Գ․ Ի դեպ կապիտալ ծախսերի մասով ընդլայնողական քաղաքականությունը, որպես COVID-ով պայմանավորված տնտեսության հավելյալ աշխուժացման մոտեցում են առաջարկում գրեթե բոլոր կառույցները և տնտեսագետները»