Ալիևի լեզուն ավելի երկարացնող, նրան «մաքրող» ու անատամ հայտարարություններ են հնչում Հայաստանից. սա դիվանագիտություն չէ. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, հայկական կողմի հայտարարություններն ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարության, թե պատմական քարտեզների վրա Սևան անունով լիճ չկա, այն նշված է որպես Գյոյչա, ինչպե՞ս եք գնահատում:

– Հայկական կողմից ամենաբարձր պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի կողմից հնչած հայտարարությունները՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այդ ելույթին, անհամաչափ եմ գնահատում, իրավիճակը փրկող, Ալիևի լեզուն ավելի երկարացնող ու անատամ հայտարարություններ են: Որոշ հայտարարություններ էլ Ալիևին «մաքրող» են, դրա վառ օրինակներից մեկը ՀՀ արտգործնախարարի հայտարարությունն էր, որ Ալիևը Սևան ասելով՝ նկատի չի ունեցել ներկայիս Սևանը: Այս մարդիկ տարրական գիտելիքների պակաս ունեն ու չգիտեն, որ Ցարական Ռուսաստանի քարտեզները հաճախ պատվիրվում էին: 

Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին վերջ չկա, ու այս խաղաղություն կոչվածը միֆ է, որովհետև ադրբեջանական կողմը չի թաքցնում իր զավթողական նպատակները Հայաստանի նկատմամբ, բայց Հայաստանում կա մի բարձրաստիճան պաշտոնյա, որ Ալիևի հայտարարությունը, տառացիորեն ցիտում եմ՝ «ներկայիս Հայաստանի տարածքը ադրբեջանական հող է, ու մենք վերադառնալու ենք այնտեղ ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով, ու հայ ժողովուրդը թող չվախենա դրանից», ասում է՝ ամենակարևորը չեք նկատել, Ալիևն ասում է, որ տանկերով չենք գալու, այլ մեքենաներով, հետևաբար այդտեղ զավթողական նպատակ չկա: Սա զավեշտ է, մեր բարձրաստիճան պաշտոնյաները ստոկհոլմյան սինդրոմով են տառապում:

– Ասում եք, որ խաղաղությունը միֆ է, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք ապրում ենք խաղաղության մեջ հենց այսօր ու հիմա: Հնարավո՞ր է, որ հայկական կողմի այս արձագանքները Ալիևի հայտարարությանը դիվանագիտական են՝ միտված չխաթարելու առկա խաղաղությունը:

– Ես մշտապես եմ ասել, որ Հայաստանի գործող իշխանության վարքագիծը հետևյալն է՝ մի բառ չասենք, որ Ալիևը չզայրանա, հանկարծ խաղաղության օրակարգը չտապալվի և այլն, որովհետև այդ խաղաղությունը իրենց համար օրհասական հարց է, բայց իրականում այս խաղաղությունը երևակայական է: Մեզ համար այս տարիները ամոթի ու զավեշտի տարիներ են, այլ ոչ թե խաղաղության, իրական խաղաղությունը սա չէ:

– Պարո՛ն Կարապետյան, կան կարծիքներ, որ նման հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարը հնչեցնում է իր ներքին լսարանի համար, ու պետք չէ դրանք լուրջ ընդունել, մի բան էլ արձագանքել: Համակարծի՞ք եք:

– Դա իշխանական պրոպագանդիստների խոսույթն է, քանի որ այլ բան չունեն ասելու, եթե անգամ ներքին լսարանի համար է դա անում, մտահոգիչ չէ՞: Ալիևն այսքան ժամանակ հենց այնպես ոչինչ չի ասում, փորձը ցույց է տվել, որ նա ինչ ասել, այն էլ արել է: Նման հայտարարությունները քաղաքական ոտաբոբիկության հետևանք են, պետք է քաղաքականապես ոտաբոբիկ լինես, որ հայտարարես, թե դա միայն իր ներքին լսարանի համար է: 

Ամբողջ աշխարհին է նա այդ ամենը ասում, իսկ ՀՀ վարչապետն ասում է, թե խաղաղությունը կա, բայց անձերի մոտ բարոյահոգեբանական վիճակը թույլ չի տալիս ընկալել այն, Ալիևի հոգեբանն է դարձել, բացատրում է, թե ինչ նկատի ունի Ալիևը, որ սխալ չհասկանանք: Սա դիվանագիտություն չէ, սա քաղաքականություն չէ, ամոթալի իրականություն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am