Ավելացնում ենք քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը. Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ավելացնում ենք քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը։

Կյանքի է կոչվում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն (կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն) իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորներ ունենալու մեր նախաձեռնությունը։

Կառավարության այսօրվա որոշմամբ համաձայնություն տրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելացվի 8-ով, մարզերում` 9-ով, վերաքննիչ քրեական դատարանում՝ 3-ով:

Հիշեցնեմ, որ մեր այս օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ կողմից ընդունվել էր դեռևս այս տարվա փետրվարին: Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով, իսկ օրեր առաջ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: