Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին

1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

2. Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:

Ո՛չ, չեն կարող:

3. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:

4. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

5. Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:

Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

6. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:

Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից:

7. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե: Միջոցառման մասին կարճ հոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=Gho250fyglI

Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիկալական հարցերի նախարարությունից։