COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 150 միլիոնի. Վերջին տվյալները

Հեղինակ MediaLab

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 149 մլն 701 հազար 116 դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 174-ից: Ապաքինվել է ավելի քան 127 միլիոն 281 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 932 հազար 608 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 587 հազար 498 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 18 մլն 174 հազար 867-ի, մահերինը՝ 202 հազար 281-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 14 միլիոն 446 հազար 541 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 395 հազար 324 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 534 հազար 313 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 103 հազար 603 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 787 հազար 273, մահերինը՝ 109 հազար 367: Տասնյակում են նաև Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 459 հազար 906 վարակվածության ընդհանուր, 70 հազար 966 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 307 հազար 401-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 77 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 95-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 622 է, որից ապաքինվել է 85 հազար 669-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: