«ՀայՌուսգազարդ» ընկերության՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հանձնելու վերաբերյալ բանակցությունների մասին վերջին օրերին հայ հանրությունը տեղեկացավ ռուսական աղբյուրներից:
Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքի տեղեկացմամբ` «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բանակցում են «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հարցի շուրջ:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տնօրինում է «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի 80 տոկոսը, մնացած 20 տոկոսը ՀՀ կառավարությանն է պատկանում: Դեռ հայտնի չէ, թե ինչի´ դիմաց է Հայաստանը որոշել նման զիջումների գնալ: Հայկական կողմից բանակցությունների մանրամասների մասին պաշտոնական մեկնաբանություն չկա, միայն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խնդրի վերաբերյալ վերջին երկու օրերին լրատվամիջոցներին որոշ կցկտուր մեկնաբանություններ տվեց:
Խուսափելով պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է այս փուլում Հայաստանի իշխանություններին ստիպել նման զիջման գնալ և հրաժարվել 20 տոկոս բաժնեմասից, նախարարը նշեց, որ եթե այդ 20 տոկոս բաժնեմասը տալու հարցում վտանգ լիներ, նման հարց բանակցությունների սեղանին չէր լինի:
Նախարարի հավաստմամբ՝ այս գործարքը որևէ մեկը ՀՀ-ին չի պարտադրում, եթե այն հայ ժողովրդի համար շահավետ չլինի, չեն գնա դրան: Այս հարցով ընթացող բանակցությունները նախատեսվում է ավարտել այս ամսվա վերջին: Արմեն Մովսիսյանն ասում է, որ որևէ նշանակություն չունի, թե ով կտնօրինի 100 տոկոս բաժնեմասը, քանի որ «ՀայՌուսգազարդը» պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության կողմից տրված լիցենզիայի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման դաշտում:
«Սա շատ նման է այն պատմություններին, երբ աղքատ մարդը պարտք է մնում հարուստներին և այդ պարտքի պատճառով ստիպված սկսում է իր տան կահույքը վաճառել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այս գործարքն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա նշում է, որ Հայաստանն այսօր աղքատ վիճակում է, և մաս-մաս վաճառում են այն, ինչ կա: Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանին, ըստ քաղաքագետի, ռուսները պարբերաբար հիշեցնում են, որ ամեն ինչ ունի իր գինը:
«Իրականում գազի գինը ոչ թե մոտ 18 տոկոսով բարձրացվեց, ինչպես սպառողների համար է սահմանվել, այլ ավելի շատ, պարզապես 30 տոկոսը Հայաստանի կառավարությունը սուբսիդավորում է, որպեսզի սոցիալական բունտ չլինի: Բայց ինչի՞ հաշվին պիտի սուբսիդավորի դա, չէ՞ որ Հայաստանը փող չունի: Հիմա Հայաստանը զբաղված է իր կահույքը վաճառելով: Այստեղ առողջ հարցադրումը պետք է լինի հետևյալը՝ ի՞նչ պետք է անենք, որ հիվանդ ու աղքատ չլինենք: Եթե մարդը հիվանդ է ու աղքատ և իր կահույքը վաճառում է, մենք ոչ թե պետք է քննարկենք, թե ինչո՞ւ է վաճառում, այլ ընդհանրապես պետք է քննարկենք, թե այս մարդը ինչո՞ւ է աղքատ, ինչո՞ւ չի կարողանում փող աշխատել»,- ասում է քաղաքագետը:
Ըստ Բոզոյանի՝ պետք է քննարկել, թե կառավարությունը ոնց արեց, որ վերջին հինգ տարիներին երկիրը գցեց փոսը:
Նա չի բացառում, որ 20 տոկոս բաժնեմասը հայկական կողմը վաճառում է, որպեսզի կառավարությունը կարողանա սահմանում սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը, ինչպես վարչապետն է խոստացել ժողովրդին: Խոստումներ կան, բայց անհրաժեշտ գումարը չկա:
«Եվ քանի որ Հայաստանի իշխանությունն արդեն վարկաբեկվել է աշխարհով մեկ, քանի որ փող է մուրացել, վարկեր է վերցրել ու մսխել, տնտեսությունն էլ չի զարգացրել, ոչ ոք չի հավատում, փող չի տալիս: Հիմա երկիրն էս վիճակի մեջ է ու վաճառում է ունեցվածքը»,- ընդգծեց նա:
Տնտեսագետ Սամվել Ավագյանը հիշեցնում է, որ սա համանման երկրորդ գործարքն է: «Երբ մենք «Գազպրոմին» զիջեցինք «Հայռուսգազարդի» 80 տոկոսը, դրա դիմաց մի քանի տարով էժան գազ ստացանք: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն այնպես արեց, որ այդ ժամկետը համընկնի իր պաշտոնավարման հետ, ժամկետն ավարտվելուց հետո Ռուսաստանն աստիճանաբար բարձրացնում է գազի գինը, իսկ չբարձրացնելու դիմաց, ըստ երևույթին, այլ ակտիվներ է պահանջում: Այդ 20 տոկոսը տարբերակներից մեկն է, հնարավոր է՝ «Գազպրոմն» այլ, ավելի խիստ պահանջներ ներկայացրած լինի, օրինակ՝ Որոտանի կասկադը»,- «Մեդիալաբին» ասում է Ավագյանը:
Հայաստանի տնտեսության վրա դա, ըստ տնտեսագետի, կարող է ազդել այնքանով, որքանով կապահովվի բնականոն գազամատակարարում: Հայաստանի կառավարությունը ցանկության դեպքում, նրա խոսքով, կարող է վերահսկել ցանկացած ռեզիդենտի գործունեություն, անկախ նրանից, թե օտարերկրյա մասնակցի բաժնեմասը կանոնադրական կապիտալում որքան է՝ 80 կամ 100, դա էական չէ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում հարցի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարեց.
«Քանի որ էներգետիկայի նախարարը հաստատեց այն, ինչը վաղուց տեղադրված է «Գազպրոմի» կայքում, որ բանակցություններ են գնում «Գազպրոմի» հետ, իսկ երբ հարցը հնչեց՝ ինչի՞ համար, նախարարը պատասխանեց ՝ ապահովության։ Ես կարծում եմ, որ խորհրդարանը առնվազն պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը: Ինչի՞ դիմաց ենք մենք կառավարության 20% բաժնեմասը դարձրել բանակցությունների առարկա: ԲՀԿ-ն առաջարկում է մինչև այս բանակցությունների ավարտը կազմակերպել քննարկում՝ ապահովության գինն իմանալու համար»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստանում է անդրադառնալ հարցին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից Հայաստանում թանկանալու է գազի սակագինը՝ 1 խմ-ը կազմելով 156 դրամ՝ ներկայումս գործող 132 դրամի փոխարեն:
Լուսանկարը` Lragir.am
© Medialab.am