Ֆելիքս Ալիևն ու Ջուլիետա Ենոքյանն արդեն 40 տարի է` ապրում են նույն տանը` հաշտ ու համերաշխ, սիրով: Ֆելիքսը նայում է կնոջն ու ծիծաղելով ասում. «Երկու ազգ, որ իրար հետ համերաշխ ապրեն, պետք է իրար հարգեն, չէ՞, Ջուլի´կ: Պիտի համբերատար լինեն ու հանդուրժող»:
63-ամյա Ջուլիետան դեռատի աղջկա նման ամաչում է ու սիրահարված աչքերով նայում ամուսնուն. «Ֆելոս ի~նչ տղա էր ջահել ժամանակ, է~, ամուսնանալուց առաջ ասաց ինձ, որ ադրբեջանցի ա, ես էլ ասեցի` հա, ի՞նչ անեմ, մարդս մարդ լինի»:
Ըստ 2005-ի ուսումնասիրությունների` Հայաստանում հաշվառված ադրբեջանցիների թիվը ընդամենը 29-ն է:
«Հնարավոր է` երկրում ադրբեջանցիներն ավելի շատ լինեն, բայց եթե մարդ չի ուզում իր ազգությունը նշել, դա նրա որոշումն է և իրավունքը»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Գույումջյանը:
Գույումջյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիներն այլևս չեն նշվում որպես ազգային փոքրամասնություն, քանի որ ըստ ՄԱԿ-ի հանձնարարականի` մարդահամարի մեջ չեն ընդգրկվում 1000 մարդուց պակաս թվաքանակով ազգային փոքրամասնություններ:
Ֆելիքս Ալիևն այն եզակի ադրբեջանցիներից է, ով ղարաբաղյան հակամարտության ընթացքում, ի տարբերություն իր հազարավոր հայրենակիցների, չլքեց Հայաստանը:
«Եթե ադրբեջանցին Սովետական Միության փլուզումից հետո որոշում է կայացրել մնալ Հայաստանում, ուրեմն էստեղ իրեն շատ լավ է զգում, նույնիսկ ավելին ասեմ` ինքն իրեն հայ է զգում»,- «Մեդիալաբին» ասում է ճանաչված ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը:
Ֆելիքս Ալիևին ու Ջուլիետա Ենոքյանին տասնամյակներ առաջ ծանոթացրել են բարեկամները:
«Եկել են ինձ ուզելու»,- պատմում է Ջուլիետան: Հիմա արդեն երեք մեծ երեխաներ ունեն` Հեղինեն, Աննան և Վլադիկը. «Կարևորը մարդու գլուխը հայկական լինի, թե չէ անուններին ուշադրություն չեմ դարձնում»,- երեխաների անունների ընտրության մասին ասում է Ֆելիքսը:
Ալիև ամուսինները հինգ տղա թոռ ունեն, որոնցից չորսը զբաղվում են ծանրամարտով: Ծանրամարտով զբաղվելը պատահական ընտրություն չէ թոռների համար, նրանք ոգևորվել են պապիկով. Ֆելիքս Ալիևը ԽՍՀՄ ծանրամարտի վաստակավոր մարզիչ է:
«Գերագույն սովետի պատվոգիր ունեմ»,- հպարտությամբ ասում է երկնագույն աչքերով Ֆելիքս Ալիևը:
Նրա սաներից է եղել օլիմպիական չեմպիոն Յուրիկ Սարգսյանը: 1982-1983 թթ. Սարգսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, սահմանել համաշխարհային ռեկորդ, 1985 թվականից նրա անունով է կոչվում Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղի ծանրամարտի մարզադպրոցը, որտեղ արդեն 40 տարի աշխատում է Ալիևը:
«Մեզ ծնողի նման ա, սրանից ավել ի՞նչ ասեմ»,- ասում է նրա ներկայիս սան Վանիկ Ավետիսյանը:
23-ամյա Վանիկը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է:
Ալիևն այժմ 37 սան ունի, ավել չի վերցնում, որպեսզի եղածներին հասցնի լավ մարզել:
«Իմ աշակերտներից հինգը մարզիչ են աշխատում, որոնցից երեքը ՀՀ վաստակավոր մարզիչ են»,- պատմում է Ֆելիքսը:
Ֆելիքսը ծնվել է Հայաստանի Էջմիածին քաղաքում 1939 թվին: Նրա հոր` Ասկար Ալիևի նախնիները, Հայաստան են գաղթել Պարսկաստանի Խոյ գավառից:
Յոթ տարեկանում հայրը կորցրել է ծնողներին:
«Սկզբում հայ հարևաններն են պահել հորս` Աղաջանյաններն ու Լալայանցները, հետո մանկատունն ա ավարտել: Հերս լավ կլառնետիստ էր, լավ տիրապետում էր հայկական թե´ ռաբիս երաժշտությանը, թե´ ազգայինին: Ըտենց կնունք, ծնունդ, թաղում չկար, որ չմասնակցեր»,- պատմում է նա:
Տիկին Ջուլիետան` Ֆելիքսի կինը, հարգանքով ու կարոտով է հիշում սկեսրոջը:
«Ինձ միշտ օգնել ա, կասեր. «Հա´րս ջան, արի քեզ օգնեմ ձվածեղ անեմ»: էնքա~ն էլ համով էր սարքում, ամեն ինչ խառնում էր իրար, ձուն ջարդում վրան, էրնե~կ էն վախտերը»,- հոգոց է հանում Ջուլիետան ու մեղավոր նայում ամուսնուն, որը կնոջ պատմածներից հուզվել է ու թաքուն արցունքներն է սրբում:
Ֆելիքսը չորս ամիս առաջ է մորը կորցրել:
«Հերս որ մեռավ, վրաս էդքան չերևաց, բայց մորս համար մինչև հիմա լացում եմ»,-տխուր ասում է նա: Ֆելիքսի մայրն ազգությամբ հայ է եղել, նրա ննջարանում պատին փակցված են ծնողների մեծ, սև-սպիտակ լուսանկարները:
Մոր կորստից բացի, ամուսիններին տխրեցնում է այն, որ երեխաներից ոչ ոք իրենց հետ չի ապրում, բայց Ֆելիքսը միշտ ավելի լավատես է, նա քաջալերում է կնոջը:
Լավատեսությունը գալիս է ակտիվ կյանքից, որ վարում է Ալիևը` ամեն առավոտ ժամը 6-ին, մոտ 40 րոպե, մարզանք մաքուր օդում, հետո աշխատանք և երեկոյան ընթերցանություն:
«Ամենաշատը սիրում ա Չարենց կարդալ»,- պատմում է կինը:
Ֆելիքսը ծանոթ չէ ադրբեջանական գրականությանը` ո´չ լեզուն գիտի, ոջչ էլ երբևէ եղել է այնտեղ:
«Եթե սահմանները բաց լինեին, մեր ազգերն էլ` համերաշխ լինեին, երևի թե կգնայի- կտեսնեի, բայց իմ տունը ստեղ ա, ուրիշ տեղ ես օտար եմ, գնամ ի՞նչ անեմ»,-հարցնում է նա:
1990 թվին մարզիչը եղել է Պոդոլսկում և մրցումների ժամանակ ծանոթացել ադրբեջանցի մարզիկների. «Ինձ հարցնում էին` Հայաստանո՞ւմ ես ապրում, չի կարող պատահի, եթե ապրում ես` ուրեմն պասպորտիդ մեջ ազգանունդ փոխել ես: Տվեցի, տեսան, որ փոխված չի` Ալիև եմ, ապշեցին»:
Ալիևը Հայաստանում ապրող ադրբեջանցիների հետ շփում չունի. «Չեմ ճանաչել ոչ մեկի»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ ադրբեջանական համայնք Հայաստանում չկա:
«Մեկուսի կյանք են վարում, չեն հավաքվում, իրար հետ շփում չունեն»,- «Մեդիալաբին» ասում է Խառատյանը:
Ֆելիքս Ալիևը պատմում է, որ Սումգայիթի տարիներին շատ էր ընկճվել. «Չէի կարողանում փողոց դուրս գալ, էն աստիճան, որ ինձ թվում էր` ես եմ էդ ամենն արել, մարդկանց երեսին չէի կարողանում նայել»:
Սակայն շրջապատի սերն ու հարգանքը և Հայաստանի հանդեպ սերը Ֆելիքս Ալիևին թողել են հայրենիքի գրկում:
Էջմիածնում ընկեր Ֆելիքսին շատերն են ճանաչում ու հարգում, հարևանները ակնածանքով են բարևում, խոսելուց «դուք»-ով դիմում, իսկ ավտոմեքենայով մարդիկ, ովքեր Գեղակերտից Էջմիածին են գնում, անպայման կանգնեցնում են մեքենան` տեղեկանալու, արդյոք պետք չէ՞ քաղաք հասցնել:
«Շնորհակալ եմ, հարգանք, պատիվ` ամեն ինչ կա»:
Ֆելիքս Ալիևը երազում է, որ իր երակներում խաչասերվող երկու ազգերը գտնեն համերաշխության կամուրջը. «Հավերժ ո´չ թշնամի կա, ո´չ բարեկամ: Պիտի հաշտվենք: Սերունդներին թշնամի չդաստիարակենք»:
Արփի Մաղաքյան
Լուսանկարները` Իննա Մխիթարյանի
© Medialab.am
—————————————————————————————
Հոդվածը պատրաստվել է «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում: