Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի

Ֆիլիպինների հարավ-արեւմուտքում Ֆիլիպինյան ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի, հայտնում է Rappler պորտալը ՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆիլիպինների զինված ուժերի տվյալների համաձայն ‘ աղետի զոհ է դարձել ինքնաթիռում գտնված 29 զինվորական եւ երկու քաղաքացիական անձ:

Բացի այդ, վիրավորվել է 50 մարդ, որոնք գտնվում էին ինքնաթիռում, եւ չորս խաղաղ բնակիչ: Եվս 17 զինծառայողների ճակատագիրն անհայտ է մնում։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում թռչող զինվորները նորակոչիկներ են եղել։  Ֆիլիպինների իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի պատճառները պարզելու նպատակով ։

Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ֆիլիպինների զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Սիրիլիտո Սոբեհանան հայտարարել է, որ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի։ 

Երկրի պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան ավելի վաղ հայտնել էր, որ, նախնական տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ, ներառյալ երեք օդաչուներ եւ անձնակազմի հինգ այլ անդամներ: