«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսուցանել ինտեգրված սկզբունքով, թե՞ ոչ. քննարկումները թեժանում են, կարծիքները՝ բաժանվում

Արխիվային լուսանկար

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր բովանդակային մասով ամբողջությամբ հնարավոր չէ ինտեգրել որևէ այլ առարկայի։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի քննարկումներին։

«Խնդիրն այն է, որ Եկեղեցու պատմություն առարկայի նպատակը ոչ թե քարոզչութուն անելն է, այլ երեխաների մեջ հոգևոր, ազգային արժեքներ դաստիարակելը։ Նաև առարկայի կարևոր նպատակներից մեկն է մեր պետության համար արժանի քաղաքացիներ կերտելը։ Նաև շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր ազգային ու հոգևոր ինքնության հստակ գիտակցումը։ Սա լավագույն կերպով Եկեղեցու պատմություն առարկայի բովանդակության մեջ ամփոփված է։ Եվ ես չեմ կարծում, որ ինտեգրելով այլ առարկաների հետ՝ հնարավոր է այդ նպատակին հասնել»,- «Մեդիալաբին» ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ Կառավարության e-draft.am կայքում հրապարակվել է «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ըստ փոփոխությունների՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան առանձին չի լինի, այն կուսուցանվի ինտեգրված սկզբունքով։

Այս նախագիծը վերջին օրերին բուռն քննարկվում է։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական դասացանկից հանելու մասին մեկնաբանություններին։ Ըստ նրա՝ այն ձևակերպումը, թե առարկան հանում են դպրոցից, մանիպուլյացիոն դիտարկում է։

«Մանիպուլյացիոն դիտարկում անողներին առաջարկում եմ կարդալ չափորոշչի նախագծի այս հատվածը՝ հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, Հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում։

Բազմիցս ասել ենք՝ եկեղեցու մասին գիտելիքը, ինչպես նաև արժեհամակարգային բաղադրիչները դպրոցից հանելու որևէ խնդիր դրված չի, խոսքը դրա մատուցման մանկավարժական ամբողջական և ինտեգրված մոտեցման մասին է»,- գրել է փոխնախարարը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ հնարավոր է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ինտեգրված դասավանդել։

«5-րդ և 6-րդ դասարաններում այն հատվածները կարող են մնալ, որոնք վերաբերում են տոներին, ծեսերին, նաև շատ հետաքրքիր առակներ կան Աստվածաշնչում, որոնք այսօր էլ արդիական են և կարող են համարվել հայագիտական առումով շատ արդիական։ Կարծում եմ՝ այդ մասով կարող է մնալ՝ որպես առանձին առարկա, որովհետև ամեն դեպքում շատ կարևոր է, որ մեր երեխաներն այդ ծեսերը, տոները, առակներն իմանան»,- «Մեդիալաբին» ասում է Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բուն պատմական ընթացքը կարող է ինտեգրվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Իսկ ավագ դպրոցում, ըստ մասնագետի, կարող է լինել դասընթաց, որում կներկայացվեն կրոնները, այդ թվում՝ մեր կրոնը։

Մասնագետի խոսքով՝ այս նախագծի շրջանակներում չափորոշիչների մշակումից ու ներկայացումից հետո կարելի է ավելի առարկայական գնահատական տալ սպասվող փոփոխություններին։

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադառնում է այն հարցին, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելով՝ խախտվում են այն ընտանիքների երեխաների իրավունքները, որոնք աթեիստ են կամ կրոնական այլ կազմակերպությունների հետևորդ։ Այս հարցադրումը վերջին տարիներին պարբերաբար հնչել է՝ ինչո՞ւ պետք է երեխաները դպրոցում աղոթեն։

«Առարկայի շրջանակներում որևէ մեկին չի պարտադրվում աղոթել։ Այո, հնարավոր է լինեն աղանդավոր ընտանիքների երեխաներ, որոնց ծնողները դեմ լինեն կամ ինչ-որ բողոք արտահայտեն։ Բայց այդ բողոքն ավելի շատ սուբյեկտիվ է, քան օբյեկտիվ, այն պարզ պատճառով, որ աղանդները, կրոնական այլ կազմակերպություններ խանդով են վերաբերվում այն երևույթին, թե ինչու պետք է Հայ Առաքելական Եկեղեցին մուտք ունենա դպրոց, իսկ իրենք՝ ոչ։ Ըստ էության, այդ բողոքների հիմքում հենց դա է ընկած, թեև կարող են լինել աթեիստ, անհավատ ընտանիքի երեխաներ։ Բայց դրանք շատ մասնավոր օրինակներ են»,- ասում է նա։

Ըստ քահանայի՝ պետք է հաշվի առնել այն, որ հայ ընտանիքների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են և իրավունք ունեն սովորելու իրենց Եկեղեցու պատմությունը։

Այն դիտարկմանը, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, իսկ եկեղեցին մուտք է գործել բանակ ու դպրոց, Տեր Եսայի քահանա Արթենյանը պատասխանում է, որ աշխարհիկ պետությունը՝ որպես այդպիսին, տարբեր ձևակերպումներ կարող է ունենալ։ «Մի բան հստակ է, որ էս ժողովուրդը հավատացյալ ժողովուրդ է և աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդն է։ Եթե մարդիկ հավատում են Աստծուն, ապա Եկեղեցին այստեղ ունի իր առաքելությունը՝ իր քարոզչությունն իրականացնելու։ Այս դեպքում, բնականաբար, ոչ մեկը չի կարող ասել, որ Եկեղեցին ինչ-որ մեկին պարտադրում կամ ստիպում է, որ մարդը գա եկեղեցի, աղոթք անի կամ հավատացյալ դառնա։ Եկեղեցին, հարգելով բոլոր մարդկանց կրոնական, խղճի և այլ ազատությունը, ամեն դեպքում եկեղեցու գործն իր զավակներին հոգևոր ծառայություն մատուցելն է։ Այնպես որ, աշխարհիկ պետություն ունենալը բնավ չի խանգարում Եկեղեցու գործունեությանը»,- նշում է նա։

Քահանայի խոսքով՝ Եկեղեցին կերտում է իրական քաղաքացիներ՝ շեշտը դնելով ազգային ինքնության, բարոյական կերպարի վրա։«Այդ նույն կերպ մենք կարող ենք ասել՝ աշխարհիկ կյանք ենք ապրում, և Աստված մեզ պետք չէ։ Բանակում մեր զավակներն են, դպրոցում՝ մեր զավակները, և շատ ավելի օրինաչափ է, երբ Եկեղեցին իր ծառայությունն է բերում ամենուր, որտեղ ունի իր զավակներին»,- ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am