Մենք գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, չենք կանգնելու ու շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն

Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը:

«Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, չենք կանգնելու ու շարունակելու ենք աշխատել»,- վստահեցրեց նա:

Տնօրենը շեշտեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց,  պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել գործարանի կառուցումը:

«Պատճառը պարզ է՝ իրենք չեն ուզում, որ Հայաստանը տնտեսապես հզորանա: Իսկ մեր գործարանը բավական մեծ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ: Ամբողջական կառուցելուց հետո այն տարեկան մոտավոր 200-250 հազար տոննա արմատուրա է արտադրելու՝ սև մետաղից, որի հիմնական սպառողը Հայաստանն է լինելու: Որպես շուկա նախատեսում ենք նաև Մերձավոր Արևելքի երկրները»,-մանրամասնեց Հակոբյանը:

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության սեփականատերերը ամերիկյան ընկերություններ են, շահառուներից միայն մեկն է հայ՝ Գրիգոր Տեր Ղազարյանը, ում խորհրդով էլ ընկերությունը որոշեց գործարանը կառուցել հենց Երասխում:

«Մենք Հայաստանի տարբեր հատվածներում գործարանը կառուցելու առաջարկ ունեինք: Մեր սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանի ցանկությամբ նպատակաուղղված եկել ենք Երասխ, քանի որ շատ կարևոր է, որ սահմանամերձ գոտին զարգանա: Բոլորն էլ գիտեն, որ հարկային արտոնություններ ունենք, ավելացված արժեքի հարկից ազատված ենք, բայց մենք այդ արտոնությունից հրաժարվել ենք ու վճարում ենք ավելացված արժեքի հարկ»,- հայտարարեց տնօրենը:

Մետաղաձուլարան կառուցող գործարանի աշխատողների ընդհանուր թիվը մոտ 200-ն է, որից շուրջ 70-ը՝ Հնդկաստանի քաղաքացի: Վիրավորում ստացած երկու աշխատակիցները հնդիկներ են: Տնօրենի խոսքով՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը երեկ այցելել է հունիսի 14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բեկորային վնասվածքներ ստացած հիվանդանոցում գտնվող իր երկու քաղաքացիներին:

«Քանի որ գործարանը տեխնոլոգիական է, որոշ հարցերում օգտվում ենք մեր հնդիկ գործընկերների գիտելիքներից: Մինչ այս կրակոցներ չեն եղել, նորմալ աշխատել ենք: Աշխատակիցների շրջանում, բնականաբար, անհանգստություն նկատվեց, բայց որևէ մեկը այստեղից հեռանալու, աշխատանքը թողնելու ցանկություն չի հայտնել: Նման տրամադրություն չկա»,-հավաստիացրեց Տիրան Հակոբյանը:

Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով գործարանի կառուցման նախագիծը կազմվել է 2022 թվականի օգոստոսից, շինարարական աշխատանքները սկսվել են մոտ 2 ամիս առաջ: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբերի ամսին, տեխոլոգիական աշխատանքները՝ 2024 թվականի առաջին քառորդում: