Քաղաքապետարանը լուծարել է «Յունիգրաֆ-Իքս»-ի հետ՝ թափառող կենդանիների վնասազերծման պայմանագիրը

Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է  «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 17.08.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/120 որոշմամբ և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով:

Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11,422,720 դրամի չափով պայմանագրի ապահովումը:

Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների և մոտեցումների առկայությունը՝ Երևանի քաղաքապետարանը, մինչև ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում (yerevan.am) տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը` առաջարկներ և դիտողություններ անելու համար:

Առաջարկությունները և դիտողությունները 15-օրյա ժամկետում հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ գրավոր` Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1):

Նշենք, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները բազմիցս են բողոքել այս կազմակերպության գործունեության դեմ, որը  2009 թվականից ամեն տարի մասնակցում և հաղթում էր քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, սակայն, ըստ ՀԿ-ների, չէր կատարում իր պարտականությունները:

2018թ. մայիսին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ 185 մլլն դրամի յուրացում է հայտնաբերել ընկերությունում:

Հարուցվել է քրեական գործ: