«Ռուսաստանի համար խնդիրը ո՛չ Խաչատուրովն է, ո՛չ էլ Քոչարյանը, նրանք ուզում էին, որ Հայաստանը թույլտվություն խնդրեր». Արա Պապյան

Ռուսական կողմը չի կարող հրաժարվել Հայաստանին զենքի վաճառքից, քանի որ մեծ կորուստներ կունենա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ մի կողմից ռուսական կողմը «Կոմերսանտի» միջոցով հասարակական տրամադրությունների վրա ազդեցություն է գործում և փորձում է ՀՀ իշխանության վրա ճնշումներ բանեցնել, մյուս կողմից էլ՝ պաշտոնական հատվածը հերքում է նման լուրերը, քանի որ դա չի կարող իրականություն լինել:

«Այո՛, Հայաստանի համար խնդիրներ կառաջանան, բայց Հայաստանը կկարողանա զենքի այլ աղբյուրներ գտնել: Ռուսաստանի համար ևս խնդիրներ կառաջանան, բայց Ռուսաստանը չի կարող Հարավային Կովկասում Հայաստանին փոխարինող դաշնակից ճարել: Այսինքն՝ Ռուսաստանի կորուստները շատ ավելին կլինեն, քան Հայաստանինը»,- «Մեդիալաբին» ասաց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականն օրերս տեղեկություն էր հրապարակել, թե ռուսական 100 մլն դոլար վարկով Հայաստանին զենքի մատակարարումը հարցականի տակ է: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հերքել էր այս հրապարակումը, նշելով, որ «ամեն ինչ աշխատում է»: Ռուսական մամուլը որպես պատճառ էր նշել այն, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի առնչությամբ:

Այս տեղեկությանը զուգահեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ չեն լինելու։

Արա Պապյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ի՛նչ նպատակ են հետապնդում ռուսական կողմի այս հայտարարությունները:

«Ռուսական կողմն օգտագործում է պատերազմական տարբեր հնարավորություններ, իսկ կա պատերազմի նաև ինֆորմացիոն թևը՝ իր շահերը պաշտպանելու համար: Որո՞նք են այդ շահերը. դա այն է, որ Հայաստանը շարունակի նույնքան կախված մնալ Ռուսաստանից, որքան նախկինում էր, և ինքնուրույն քայլեր չանի»,- ասաց Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այստեղ Ռուսաստանի համար խնդիրը ո՛չ Խաչատուրովն է, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը, այլ այն իրավիճակն է, որ Հայաստանը նախապես պետք է թույլտվություն խնդրեր, հետո քայլեր աներ:

«Նախկինում Հայաստանի ներսում ամենափոքր քայլն անգամ համաձայնեցվում էր Ռուսաստանի հետ: Բայց այդ համաձայնեցումն սկզբունքորեն սխալ է, քանի որ ինքնիշխանություն նշանակում է, որ ինքդ ես իշխում: Առավել ևս, այն, ինչ Հայաստանում կատարվում է, ներքին հարց է և վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին»,- հավելեց Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ բացառվում է, որ Ռուսաստանը դադարեցնի զենքի վաճառքը Հայաստանին, որովհետև դրա հետևանքը վատ է լինելու Ռուսաստանի համար: «Հայաստանում հակառուսական ևս մեկ հիմնավոր ալիք է բարձրանալու: Երկրորդ՝ Ռուսաստանը մեզ համար հերթական անգամ լինելու է ոչ հավատարիմ իր ստանձնած պարտավորություններին: Ի վերջո, զենքի վաճառքը բանավոր պայմանավորվածություն չէ, գրավոր միջպետական համաձայնագիր է»,- նշեց նա:

Արա Պապյանը նկատում է՝ առաջին վտանգը, որը Ռուսաստանի ղեկավարությունը տեսնում է Հայաստանում, ոչ այնքան բուն քաղաքականությանն է վերաբերում, որքան նոր իշխանությունների՝ իշխանության գալու ձևին: Այսինքն՝ համաժողովրդական ընդվզում և ժողովրդի կամքի պարտադրում են տեղի ունեցել: Առավել ևս ՌԴ ղեկավարությունը վախեր ունի, քանի որ Ռուսաստանի հասարակության մոտ համարժեք արձագանքներ են եղել այդ ամենին, նրանք ասում էին՝ ցանկանում են այնպես անել, ինչպես Հայաստանում է:

Այսինքն՝ Արա Պապյանի խոսքով, Ռուսաստանի իշխանություններին դուր չի գալիս, որ Հայաստանում զարգացումները նման մտքեր են առաջացնում ռուս հասարակության շրջանում:

«Սա առաջին դժգոհությունն է: Իսկ երկրորդ դժգոհությունն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են լինել հնարավորինս ավելի անկախ, բայց ես պետք է ասեմ, որ որևէ քայլ չի արվել, որով մեր դաշնակցային հարաբերությունները ոտնահարվեն կամ մենք հավատարիմ չլինենք մեր ստանձնած պարտավորություններին: Ավելին, հայտարարություններ են արվել, որ մենք հավատարիմ ենք մեր ստանձնած պարտավորություններին, նաև գործողություններ են արվել»,- նշեց նա:

Իսկ երրորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման փորձերը, ըստ քաղաքագետի, չեն նշանակում, որ դրանք հակասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ռուսաստանն էլ է զարգացնում իր հարաբերությունները այլ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնց գործողությունները, Պապյանի խոսքով, ուղղված են հենց Հայաստանի անվտանգության դեմ:

«Մենք հասկանում ենք դա, մտածելով, որ Ռուսաստանն անկախ է, մեր գուբերնիան չէ: Հիմա Ռուսաստանը պետք է հասկանա, որ մենք անկախ ենք, իր գուբերնիան չենք»,- հավելեց մասնագետը:

Արա Պապյանի խոսքով՝ առաջիկայում ևս Հայաստանում կարող են լինել աղմկոտ ձերբակալություններ, իսկ ռուսական կողմն աստիճանաբար կհաշտվի այդ իրավիճակի հետ ու չի միջամտի Հայաստանի ներքին խնդիրներին:

«Այո՛, ռուսները դժգոհ կլինեն, բայց կամաց-կամաց կվարժվեն»,- եզրափակեց Պապյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am