ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է հետազոտության 850 թեստ

Աշխարհի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 81 հազարից ավելի դեպք, որից 78 497-ը՝ Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 744 դեպք: Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության. ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Իրանում 141 դեպք է գրանցվել, որից 22-ը մահվան ելքով: Նախարարը նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է:

«Այո՛, պարոն վարչապետ: Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 մարդ վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: