«Իտալիայում կրկնակի պատվաստված է ամբողջ բնակչության 60%-ից ավելին»․ Զառան Միլանից՝ Հայաստանում մարդիկ փաստերի փոխարեն հավատում են ինչ-որ հեքիաթների

Իտալիայի Միլան քաղաքում բնակվող Զառա Պողոսյանն ասում է, որ անգամ օրենքի բացակայության պայմաններում մարդիկ Իտալիայում շարունակում են բացօթյա տարածքներում դիմակ կրել՝ մտածելով իրենց առողջության մասին։ 

40-ամյա Զառան Իտալիա է տեղափոխվել 2019 թվականին, մասնագիտությամբ շուկայագետ է, բայց այս պահին դեռևս աշխատում է հայաստանյան շուկայի համար։

Նրա խոսքով՝ օգոստոսի 6-ից Իտալիայի բոլոր փակ տարածքներում գործում է Green Pass-ի օրենքը, որն իրենից ենթադրում է կամ պատվաստում, կամ 48 ժամվա մեջ հաստատված թեստի բացասական արդյունք:

«Փակ տարածքների մեջ մտնում են թանգարանները, բարերը, ռեստորանները, սրճարանները և այլն։ Ընդ որում՝ նույնիսկ կան այգիներ, որոնց մուտքը կրկին փակ տարածքով է, և Green Pass-ի օրենքը գործում է նաև այդ պարագայում։ 

Այս օրենքը մի շարք հաստատություններ ներառող ցանկ է, որից էլ տեղեկանում ենք տարբեր հաստատությունների սահմանափակումների մասին։ Մնացած տեղերում՝ առևտրի կենտրոններ, միջքաղաքային տրանսպորտ և այլն, օրենքը դեռ չի գործում»,- «Մեդիալաբին» պատմում է Զառան և հավելում, որ այս ամենը վերահսկվում է տվյալ հաստատությունների մուտքը հսկող անձանց կողմից։ 

«Բացի այդ, վարորդները և այլ հաստատություններում աշխատող անձինք իրենք են հորդորում դիմակ կրել, կրելու դեպքում էլ ճիշտ կրել, օրինակ՝ փակել քիթը, եթե այն բաց է»:

Զառայի խոսքով՝ մեծ խանութներից շատերում դեռևս շարունակում են ջերմաչափել, իսկ փոքր խանութներում ջերմություն չեն չափում, բայց անընդհատ շրջում են՝ ստուգելու դիմակի առկայությունը կամ ճիշտ կրումը։

«Վերահսկողությունից բացի, Իտալիայում մարդիկ պատասխանատվության բարձր զգացում ունեն։ Մարդիկ այստեղ ենթարկվում են, դրա պատճառն այն է, որ Իտալիան առաջին երկիրն էր, որը կորոնովիրուսի հետևանքները շատ ծանր տարավ, ու մարդիկ, իրենք հիվանդանալով կամ իրենց ծանոթին ու բարեկամին կորցնելով, հասկացան, որ ամեն ինչ լուրջ է։ 

Այստեղ երբեք այնպես չեն մտածել, ինչպես Հայաստանում, որ սարքած է և այլն։ Մինչև հուլիսի կեսերը մեզ մոտ բաց տարածքներում դիմակ կրելու օրենք կար, վերջերս այդ օրենքը դուրս եկավ, բայց շատերը մինչև հիմա բաց տարածքներում կրում են դիմակ՝ մտածելով իրենց առողջության, այլ ոչ թե գործող օրենքի մասին։

Եթե ես ինքս գնում եմ շուկա կամ այլ մարդաշատ վայր, դնում եմ դիմակ, անկախ այն բանից՝ էդպիսի օրենք կա, թե ոչ։ Որտեղ քիչ մարդ կա, ինքս էլ դիմակ չեմ դնում»,- ասում է Զառան։

Չնայած կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող բոլոր միջոցառումներին՝ ամռան ընթացքում Իտալիայում նկատվեց կորոնավիրուսի թվերի աճ։ Ընդ որում՝ սկսեցին գրանցվել նաև մահվան դեպքեր, մինչդեռ դրանից առաջ մահվան ելքով դեպքերը հաջողվել էր կանխել։ 

Դեպքերի աճը պայմանավորված էր ամռանը զբոսաշրջիկների թվի աճով։ Զբոսաշրջիկներ եկել են ոչ միայն այլ երկրներից, այլև Իտալիայի հյուսիսից դեպի հարավ կամ հարավից դեպի հյուսիս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4.5 մլն դեպք, 129.638-ը՝ մահվան ելքով։ Ըստ ԱՀԿ-ի՝ սեպտեմբերի 7-ին Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4720 նոր դեպք, որոնցից 71-ը՝ մահվան ելքով։

Կորոնավիրուսային հիվանդության նման աճը կանխելու համար Իտալիայում իրականացվում են պատվաստումներ։ Այս պահին ամբողջ բնակչության 60 և ավելի տոկոսն արդեն կրկնակի պատվաստված է, պատվաստումները շարունակվում են, իսկ 80 տոկոսից ավելին արդեն մեկ անգամ պատվաստվել է։

«Ինքս արդեն պատվաստվել եմ մեկ անգամ, երկրորդ պատվաստումս սեպտեմբերի 9-ին է։ Պատվաստումը կամավոր է, գրանցումը օնլայն է։ Գործընթացը սկսվել է այս տարվա հունվարից, իրականացվում է ըստ տարբեր տարիքային խմբերի։ Առաջինը տարեցներն էին, հետո արդեն մնացած տարիքային խմբերի անձինք։

Կային խմբեր, որոնք աշխատում էին սպասարկման ոլորտում, և նրանք արտահերթ պատվաստվեցին»,- ասում է Զառան և հավելում, որ թեստավորումը վճարովի է, հայկական արժույթով 30000 դրամ է։

Նրա խոսքով՝ այս պահին թեստերի գներն իջեցնելու քննարկումներ են տեղի ունենում, որովհետև մարդիկ ամեն դեպքում իրենց հաշվին են թեստավորվում։ 

«Բնականաբար, բոլորը չէ, որ մեզ մոտ հավատում են պատվաստանյութերի արդյունավետությանը, բայց խոսքը 60 միլիոն բնակչություն ունեցող երկրի մասին է, որի 80 տոկոսից ավելին արդեն մեկ անգամ պատվաստվել է։ Վստահությունը բարձր է, բայց Իտալիայի տարբեր քաղաքներում նույնիսկ ցույցեր են կազմակերպվել պատվաստումների ու Green Pass-ի օրենքի դեմ։ Դրանք մարդիկ են, որոնք պարզապես ուզում են հակառակվել օրենքներին»։

Խոսելով պատվաստանյութերի նկատմամբ Հայաստանի բնակիչների շրջանում գոյություն ունեցող անվստահությունից՝ Զառան նշում է.

«Մենք՝ հայերս, միշտ չենք վստահում պատվաստանյութերի արդյունավետությանը, և դա չի վերաբերում միայն կորոնավիրուսին։ Ինքս ունեմ հայաստանաբնակ բարեկամներ ու ծանոթներ, որոնք վարակվել են, շատերն անգամ մահացել են, բայց մարդիկ դեռևս չեն հավատում, որ վիրուսը կա, ասում են՝ սարքած է։

Այդ պարագայում եթե վիրուսը սարքած է, ուրեմն պատվաստանյութը ևս սարքած է։ Մարդիկ ճշգրիտ փաստերի փոխարեն հավատում են ինչ-որ հեքիաթների, իսկ պատճառը տեղեկացվածության ցածր մակարդակն է»,- «Մեդիալաբին» ասում է Զառա Պողոսյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am