Ադրբեջանը հայտնում է Հայաստան նավթամթերքի նոր խմբաքանակ ուղարկելու մասին

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, հայտնում է ադրբեջանական պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 26-ին Բալաջարի կայարանից Բոյուք Քյասիկի ուղղությամբ ուղարկվել է 18 վագոն՝ 971 տոննա ԱԻ-92 մակնիշի ավտոբենզինով, և 8 վագոն՝ 467 տոննա դիզելային վառելիքով։

ԱԶԵՐԹԱՋ-ը նշում է, որ մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։

Գործակալության փոխանցմամբ՝ մինչ այս պահը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, ուղարկվել է նաև ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։