Հունան Պողոսյան. Մեռելներից հարություն առածը

Հունան Պողոսյան. Մեռելներից հարություն առածը
Հունան Պողոսյան. Մեռելներից հարություն առածը

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ: Նա Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո դարձավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, իսկ երկու տարի հետո՝ Հայաստանի փոխոստիկանապետ և 2012-ին արդեն համարվում էր ոստիկանության ամենահարուստ աշխատակիցը, որի դրամական միջոցները 19 անգամ գերազանցում էին նրա տարեկան աշխատավարձը: Մարդը մեկ տարում ստացել էր 4,5 միլիոն դրամ աշխատավարձ, հայտարարագրել՝ 72 միլիոն դրամ և 40 հազար դոլար:

Հունան Պողոսյանը այն մարդն էր, որը ընտրական կեղծիքների մասին ահազանգերը համարում էր ասեկոսեների վերարտադրություն: 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված կեղծիքները կերցնելու համար այս մարդը ամենայն լրջությամբ տեսախցիկների առջև հայտարարեց. «Արջի ծառայություններ մատուցել են նաև «ոչ»-ի կողմնակիցները»:

Հունան Պողոսյանն անտրտունջ աշխատել է Լյովա Երանոսյանի հետ կողք կողքի: Այս մարդը գիտի գազան լինելու բոլոր եղանակները: Երբեք հրեշտակ չի ձևացել, որովհետև մեծ հաշվով եղել է կատարող՝ պետք էր կոտորել, կոտորել է, պետք էր ձերբակալել, ձերբակալել է: Նիկոլ Փաշինյանը ինքնուրույնության հատիկ չունեցողին նշանակում է Սյունիքի մարզպետ: Կարծես թե սյունեցին հենց դրան է արժանի:

Հունան Պողոսյանի օրոք են անպատիժ եղել քրեական հեղինակությունները ընտրությունների օրերին, ինչեր կարելի է ասել այս մարդու մասին, որը հեղափոխությունից առաջ բառի բուն իմաստով լրագրողներին է մեղադրում, որ «հասարակության բացիլները անպատիժ հանցագործություններ են անում»:

Գուցե մտածենք, որ Սերժ Սարգսյանի առաջնահերթություններն այլ են եղել, և այս մարդն աշխատել է այդ առաջնահերթություններո՞վ: Գուցե քրեական իշխանության հետ այլ կերպ աշխատել հնարավոր չէ՞ր: Այդ դեպքում ինչո՞ւ էր Հունան Պողոսյանը հրաժարական ներկայացնում փոխոստիկանապետի պաշտոնից, երբ հեղափոխությունը հաղթեց:

Ես չեմ քննարկում, թե ինչո՛ւ այլընտրանք չուներ Հունան Պողոսյանը քրեական իշխանության մաս լինելուց: Ես ասում եմ՝ մարդը եղել է քրեական իշխանության մաս:

Եթե Մանվել Գրիգորյանն այդպիսին էր, եթե Կարո Կարապետյանն այդպիսին էր, եթե Սուրիկ Խաչատրյանն այդպիսին էր, նրանց բոլորին սանձողը պիտի լիներ նաև Հունան Պողոսյանը: Մինչդեռ այդպիսի իշխանության մեջ փոխոստիկանապետ լինելը նույնն է, ինչ թալիբների մոտ մշակույթի նախարար լինելը:

Պարզ չէ՞, թե ինչ մշակույթ պետք է քարոզվեր:

Իր հրաժարականի տեքստում այս մարդը գրում է՝ միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ, առանց ենթատեքստերի: Շիտակը չգիտեմ: Բացճակատ չի եղել այս մարդը: Իսկ թե ենթատեքստերը որտեղից բուսնեցին, ես չեմ կարող ասել: Հայտնի է միայն, որ քրեական իշխանության մեջ հայտարարել, որ աշխատել եմ առանց ենթատեքստերի ու ոչ մի աղմկահարույց կոռուպցիոն հանցագործության բացահայտում չիրականացնել, անհեթեթ է:

Հունան Պողոսյանը հեռացել էր: Նույնիսկ հեռանալիս նա չի եղել «շիտակ, բացճակատ և առանց ենթատեքստերի»: Որովհետև հենց հեռացավ, այնպիսի հանցագործություններ բացահայտվեցին, որ Հունան Պողոսյանը պետք է հետին թվով հրաժարականի դիմում ներկայացներ նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից, Արաբկիրի ՆԳ բաժնի պետից, Երևանի Կենտրոնի ՆԳ բաժնի պետից և նույնիսկ իր ուսադիրներից պետք է հրաժարվեր: Ինքը երկու տարում այնպես է հարստացել իր «աշխատավարձով», որ աշխարհի բոլոր իլյուզիոնիստները դեռ պետք է գտնեն այդ հարցի պատասխանը:

Այս մարդը 2006-ին պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման» մեդալով: Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը: Երբեք թույլ չի տվել, որ ընդդիմությունը խելքը գլխին հանրահավաք անի: Կատարո՞ղ է եղել: Ոչինչ չասացի: Հեղափոխությունն այսպիսի կատարողների կարի՞ք ունի: Փորձեմ հասկանալ: Բայց միայն ոչ սյունեցիների անունից: Ի սեր Աստծո:

Մհեր Արշակյան

MediaLab.am