Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մայիսի 26-ին կրկին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։
Բացի այդ, 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։
2008-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը իր հերթին միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։