Զարուհի Փոստանջյանի նամակը ԵԽ պաշտոնյաներին եւ ԵԽԽՎ անդամներին

Զարուհի Փոստանջյանի նամակը ԵԽ պաշտոնյաներին եւ ԵԽԽՎ անդամներին
Զարուհի Փոստանջյանի նամակը ԵԽ պաշտոնյաներին եւ ԵԽԽՎ անդամներին

Հարգելի գործընկերներ,
Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը:  Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով:

Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1»,  «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել (տես` http://www.youtube.com/watch?v=J2c6qrfbp-w#at=21) որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է  դատավարություն, այլև տեսանյութի հեղինակ` Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող  մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը: Բացի վերը նշվածից  տեսանյութում Մոսկվայի քաղաքապետ` Սերգեյ Սոբիանինովը, հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել: 

2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել էր 18 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր տեսակի վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը, ով եղել է մասնավոր ընկերությանը պատկանող անսարք Կամազ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, նույնպես ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, նա տեղափոխվել էր դատարան և անմիջապես կալանավորվել: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայի տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում:

Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը:

Բոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարդատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը և այլատյացությունը, ակհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաև բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների  կյանքի և արժանապատվության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ` ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ դեպքը և պահանջել Ռուսաստանի Դաշնության իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝  պատասխանատվության կանչելու «Ռուսաստան 1» «Լուրեր» հաղորդաշարի լրագրող Օլգա Սկոբեևային և Մոսկվա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբիանինովին` այլատյացության և ռասիզմի տարածման համար, իսկ իրավապահ մարմինների և բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը և արժանապատվություն նվաստացնելու փաստով:

 

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ

ԵԺԿ խմբակցություն/Հայաստան