Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող կործանարար զենքն ուղղված է Ադրբեջանի դեմ։ Նա այս մասին խոսել է Բաքվում կայացած Գլոբալ ֆորումի բացման արարողության ընթացքում։
«Հնարավոր է, որ այսօր այս զենքը պետք լինի այլ տեղերում, սակայն այն ուղարկվում է Հայաստան»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, հայտարարելով, որ այն փաստացի «լրտեսական» գործողություն է իրականացնում.
«Նրանք ցերեկ ու գիշեր կանգնած են մեր սահմաններին՝ լրտեսների պես, ուսումնասիրելով հարմար բացեր, որպեսզի ներթափանցեն մեզ մոտ։ Մենք էլ ունենք բավարար հետախուզական տվյալներ այս ընտրովի դիտորդական առաքելության մասին»,– հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև այն քաղաքական գործիչների մասին, որոնք, ըստ նրա, տասնամյակներ շարունակ աջակցել են հայկական սփյուռքին։
«Մենք այս հարցերը բարձրացնում ենք Հայաստանի ներկայացուցիչների և նրանց նոր առաջնորդների առջև, որոնք նստած են Բրյուսելում։ Նրանք հիմա իրենց համար փոխարինող են գտել՝ Բրյուսելն է դարձել նրանց «ավագ եղբայրը»»,– ասել է Ալիևը։



















