Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Ն. Ավետիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

2020 թ.-ի օգոստոսի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով վճիռը: 

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 2017 թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա: Ն. Ավետիսյանը փորձել էր նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները և ենթարկվել բռնության՝ «Շինպլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանի կողմից, ով, նրա պնդմամբ, արգելել էր տեսանկարահանումներ կատարել, բռնի ուժի գործադրմամբ վերցրել  հեռախոսը, տապալել նրան գետնին և ջնջել հեռախոսից լուսանկարներն ու տեսագրությունը:  

«Շինպլյուս» ընկերության տնօրեն  Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել էր՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), որը նրանք շարունակաբար հերքում էին:  

Դատարանում Ն. Ավետիսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել էին ՀՔԱՎ գրասենյակի փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապաև՝ Հայկ Հակոբյանը: 3 տարի տևած դատաքնննության ընթացքում տեղի էր ունեցել նաև դատավորի փոփոխություն. դատավոր Լուսինե Աբգարյանին փոխարինեց Սուսաննա Գզոգյանը, ում նախագահությամբ էլ շարունակվեց գործի քննությունը:   

Նախաքննության ընթացքում հայտնի դարձան նաև գործով իրեղեն ապացույցների գրավոր հետազոտության, ապաև  դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացության արդյունքները: Ըստ այդմ՝ Ն. Ավետիսյանի բջջային հեռախոսի ներքին հիշողության մեջ պահպանվել և վերականգնվել էին դեպքի օրն արված  5 լուսանկարները, իսկ ահա նույն օրվա տեսագրությունը վերականգնել  չէր հաջողվել:  

2020 թ.-ի օգոստոսի 24-ին դատարանն ընդունեց որոշում՝ արդարացնել ամբաստանյալ Տիգրան Նազարյանին և վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վճռում տեղ գտած իրավական վերլուծությունների համաձայն՝ դատարանը, պատշաճ հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք արժանահավատության, թույլատրելիության, վերաբերելիության, ողջ ապացույցները՝ նաև համակցությամբ՝ գործի լուծման համար բավարար լինելու տեսակետից, դրանց բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով Տ. Նազարյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում չի հաստատվել: Արդարացման վճիռը կայացվել է  հետևյալ պատճառաբանությամբ:  

Տ. Նազարյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում իր ցուցմունքներում տարբեր հիմնավորումներով հերքել է իր մասնակցությունը՝ կատարված հանցագործությանը: Քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր նրա փաստարկները: Ավելին՝ 4 վկաներն, ըստ էության, տվել են Տ. Նազարյանին արդարացնող ցուցմունքներ: Ինչ մնում է Ն. Ավետիսյանի գործընկերների ցուցմունքներին՝ դատարանը գտել է, որ դրանցում չկան փաստական տվյալներ, որոնց հիման վրա կապացուցվեր, որ Տ. Նազարյանը խոչընդոտել է Ն. Ավետիսյանի լրագրողական գործունեությանը:                                                              Դատարանի վերլուծությամբ՝ նրանց ցուցմունքներն ընդամենը հիմնավորել էին  Ն. Ավետիսյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:   

Իսկ ահա Վրեժ Խաչատրյանին դատարանը վճռեց մեղավոր ճանաչել՝ ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ և նույն օրենսգրքի 75-րդ հոդվածով ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այս մասին հայտնում է ՀՔԱՎ-ը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ