«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Գագիկ Ծառուկյանի համար խափանման միջոց է ընտրվել երկու ամիս կալանքը, նրա շուրջ ընթացող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում,
– Կալանքը իբրև խափանման միջոց կիրառելը սպասելի էր, որովհետև եթե իրադարձությունները հասել էին այդ կետին, ապա այլ սպասելիք ունենալ պետք էլ չէր: Նմանատիպ զարգացումները պայմանավորված են թե՛ անձնական, թե՛ քաղաքական բաղադրիչով: Անձնական՝ պայմանավորված առնվազն նախընտրական շրջանում միմյանց հասցեին հնչեցրած հայտնի հայտարարություններով, ու այդ անձնականի տրամաբանությունը արտահայտվում է նաև նրանով, որ Ծառուկյանի հանդեպ գործողությունները մինչև անգամ նրա կատվազգի կենդանիների հանդեպ տարածվեցին: Իսկ այդ առնչությամբ հիշում ենք, թե ինչ հայտարարություններ էին եղել նախընտրական շրջանում:
Որևէ կերպ իհարկե բացառելի չէ, թե առհասարակ ինչպիսին է եղել Ծառուկյան-Փաշինյան փոխհարաբերությունը 2018-ից հետո, որովհետև, հիշեցնեմ, որ 2018-ին հենց Ծառուկյանի դիրքորոշումը նաև, «Մարիոթում» հայտնի հանդիպումը Փաշինյանի հետ, նաև դա մեծ նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման գեներացիայի տեսանկյունից: Ես իհարկե չեմ կարող պնդել, որ անձնականը գնում է այդքան հեռու, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես Ծառուկյան-Փաշինյան փոխհարաբերությունը կարող է բավական ուշագրավ համատեքստ ունենալ վերջին ութնամյակի առումով:
Հետաքրքիր էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես այդպես ընդգծված հռետորաբանություն սրեց հենց Ծառուկյանի նկատմամբ, իհարկե նա սուր հռետորաբանություն կիրառում էր նաև Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց ակնհայտ է, որ դոզայի ու շեշտադրումների առումով Փաշինյանի հռետորաբանությունը շատ ավելի տարբերվող էր Ծառուկյանի նկատմամբ: Ու սա այն դեպքում, երբ Ծառուկյանը բոլորովին էլ ամենաահեղ մրցակիցը չէր Փաշինյանի համար:
Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իմաստով որևէ ռիսկ, սպառնալիք Ծառուկյանից չի նշմարել, հետևաբար քաղաքական բաղադրիչը գտնվում է Հայաստանից դուրս, ու այս տեսանկյունից ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ նախօրեի այդ կտրուկ գործողությունները եղան այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հետընտրական առաջին այցը կատարեց Ռուսաստան: Այնպես որ, քաղաքական բաղադրիչի իմաստով, ես կարծում եմ, գործ ունենք Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մոտիվացիոն հիմքերի հետ:
– Նկատի ունեք, որ Ռուսաստանո՞ւմ են այդ հիմքերը:
– Չեմ կարող ասել, թե որտեղ են, ու ի՛նչ պատճառահետևանքային կապ կա, բայց եթե կա քաղաքական բաղադրիչ՝ անձնականից զատ, իսկ ես կարծում եմ, որ կա քաղաքական բաղադրիչ, ապա դա գտնվում է Հայաստանից դուրս՝ իր մոտիվացիոն հիմքերով, որովհետև Հայաստանում ես չեմ կարծում, թե Ծառուկյանը լուրջ խնդիր է Փաշինյանի համար:
– Պարո՛ն Բադալյան, նմանատիպ զարգացումներ կարելի՞ է սպասել մյուս քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ:
– Եթե խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, ապա նա դեռևս տնային կալանքի մեջ է, նրա դաշինքի բազմաթիվ ներկայացուցիչներ ձերբակալված են տարբեր քրեական վարույթների շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանի դեմ ինչ-որ քրեական վարույթ էին հարուցել ընտրություններից հետո: Փաստացի իրավական գործիքակազմը՝ քաղաքական մոտիվներով, կիրառվում է: Ավելի կոշտ գործողություններ կլինեն, թե՞ ոչ, կախված է մի շարք տարբեր հանգամանքներից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















