2020 թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ, վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից` նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ նրանցից մեկը, որը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ է, սպառնացել է պահանջը չկատարելու դեպքում կոտրել իր գլուխը:
Դեպքի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում 2020թ. մարտի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
23.03.2020թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ վերը նշված դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Հանցագործության մասին հաղորդումը», որը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող հիշյալ քրեական գործին:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։