«Պատին խփել, ասֆալտին փռել ակցիաները վտանգավոր են, չի կարելի երկրի ղեկավարի մակարդակով բռնությունը դարձնել հարցի լուծման ձև». Արշակ Գասպարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քրեական արդարադատության ոլորտի փորձագետ, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

– Պարո՛ն Գասպարյան, հանցավորության դեմ պայքարը երկրում խստացվել է վարչապետի հանձնարարությամբ, բայց մյուս կողմից՝ հանցագործությունները կարծես աճում են։ Ինչո՞վ եք բացատրում այս իրավիճակը և ինչպե՞ս եք վերաբերվում ուժային կառույցներին վարչապետի տված հանձնարարականին։

– Ոստիկանական ուժերի այսօրվա գործողությունների արդյունքում մենք անվտանգ հասարակություն չենք ունենում։ Աշխարհը հանգել է դրան, բացառությամբ Կենտրոնական և Միջին Ասիայի երկրների։ Աշխարհը հասկանում է, որ հանցավորության դեմ չեն պայքարում, այլ հանցավորության հետ աշխատում են։ Սա նշանակում է, որ գիտակցելով, որ երբևէ չենք կարող ունենալ հասարակություն, որտեղ հանցագործություն չլինի, անպայման աշխատանք պետք է տարվի երեխաների ու երիտասարդների հետ։

Ամեն ինչ պետք է անել, որ երեխաները մինչև 14-16 տարեկանը չհայտնվեն հատուկ կրթահամալիրներում ու մանկատներում, որպեսզի ընտանիքահենք ծառայություններն աշխատեն, որպեսզի համայնքահենք ծառայությունների որակը բարձրանա, նկատի ունեմ՝ սոցիալական ծառայությունները հասանելի լինեն բնակիչներին։

Քաղաքացու համար կարևորը իր համայնքն է ու իր համայնքի ծառայությունները։ Եվ պետք է հստակ բաշխվածություն լինի ծառայողների միջև, չի կարելի ոստիկանի վրա դնել սոցիալական ծառայողի գործառույթ։

Ասածիս իմաստը հետևյալն է՝ չի կարելի պայքարել ինչ-որ բանի դեմ, այդ թվում՝ հանցավորության, որովհետև դու դատապարտում ես այն դարձնել օրինաչափություն և դատապարտում ես նրան, որ հանցավորությունը պետք է ծլի ու ծաղկի։ Երբ դու փորձում ես ռեպրեսիայով վերացնել հանցավորությունը, հետ ես գնում հեռավոր 30-40-ական թվականներ, որից հետո արդեն 1970-80-ական թվականներին բավական ծաղկուն շրջան էր քրեական աշխարհում։

Դա այն բանի հետևանք էր, որ պետությունը ռեպրեսիվ մեթոդներով ուզում էր ասել՝ դու լավը չես։ Մարդկանց հետ այսպես չի կարելի վարվել 21-րդ դարում։

Էլ չեմ խոսում այն մասին, որ, չնայած մեծ աղմուկ կհանի, բայց փորձեմ ասել։ Շատ կրոնական կազմակերպությունների մենք պետական գրանցում ենք տվել և դրանք հոգեորսությունից մինչև հանցավորություն դրդելը մեր երիտասարդության հետ անում են։

Մեր երիտասարդները, երբ չեն գնում ծառայելու և մտնում են տարաբնույթ կրոնական կազմակերպություններ, նրանց արածը պակաս վտանգավոր չէ։ Քրեակատարողական հիմնարկներում կրոնական կառույցների գործունեությունը՝ մարդկանց ուղեղները հավաքագրելու առումով, պակաս վտանգավոր չէ, քան հանցավոր աշխարհի քայլերը։

Եվ աշխարհը գնում է հետևյալին՝ ոչ թե պայքարում են հանցավորության դեմ, այլ ստեղծում են սոցիալական միջավայր անչափահասների, երիտասարդների, հասարակության անդամների համար, առաջին հերթին կրթության ոլորտն են զարգացնում, որի արդյունքում նվազում է այն մարդկանց թիվը, ովքեր հեղինակություն են տեսնում հանցավոր գործողություն անող մարդկանց մեջ։ Մեր ամենամեծ անելիքն այն է, որ մենք պետք է գայթակղիչ սարքենք կրթությունը, արվեստը, մեզ պետք է սովորեցնենք անընդհատ սովորել։

-Նկատելի՞ է արդյոք, որ վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունը ավելի ոչ կարգապահ է դարձել։ Օրինակ՝ ոստիկանապետն ասում է, որ գիշերով Օպերայի բակում ավտոմեքենաներով «ճռիկներ» են անում, երթևեկության վիճակն է վատացել, կարծես հանցավորության թվի աճ կա։ Այս միտումները որքանո՞վ են մտահոգիչ և ինչի՞ հետևանք են։

– Ճիշտն ասած, ես չէի ասի, որ իրավիճակն այդպիսին է։ Եթե ասեմ, որ 2017 թվականի ապրիլին կամ հունիսին ավելի կարգապահ էին, քան այս տարվա հունիսին, մի քիչ կասկածում եմ։ Այլ հարց է, որ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ոստիկանությունը սկսել է «պատին խփել, առաստաղից կախել, ասֆալտին փռել» ակցիաները։

Դա ճիշտ չէ, որովհետև չի կարելի երկրի ղեկավարի մակարդակով բռնությունը դարձնել հարցի լուծման ձև։ 2001 թվականին, Եվրոպայի խորհրդին անդամակցելով, մենք ամեն ինչ արել ենք, որ ոստիկանական երկիր չլինենք։ Եթե մենք դրան ենք գնում և դրանով ենք ուզում մեր կարգուկանոնն ապահովել, ես նման կառավարում չեմ ցանկացել։

Եթե կան քրեական գործողություններ թույլ տվողներ, թող իրավապահ համակարգն օրենքով սահմանված կարգով այդ մարդկանցով զբաղվի։ Բայց չի կարելի սխալ տեղ կայանելու, երթևեկության կանոնները խախտելու համար մարդուն մեքենայից հանել, գետնին պառկեցնել, բերման ենթարկել բաժիններ։

Ո՞վ է տեսել՝ մեկ օրում հարյուրավոր մարդիկ բերման ենթարկել բաժիններ։ Սա ինչի՞ համար է, որ ավելի կարգապա՞հ լինենք։ Ես վստահեցնում եմ, որ դա ծնելու է նոր բռնություն ցանկացած քաղաքացու մեջ, որովհետև մարդուն բարկացնում են այդ գործողությունները։

Ոստիկանության գործողությունները պետք է լինեն համաչափ, տեղին ու ժամանակին։ Եթե ժամանակը եկել է, իրենք վարչապետից կամ նախագահից ստացել են ավելի խիստ ծառայություն իրականացնելու հրաման, ուրեմն ժամանակը եկել է։

Տեղը իրենք են որոշում՝ «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների կամ ինչ-որ սահմանափակ թվով մարդկանց նկատմամբ պետք է լինեն այդ գործողությունները։ Չի կարելի քաղաքացու սեփականության իրավունքը ոտնահարել, ամեն տեղ կանգնեցնել, գցել գետնին, ձերբակալել, հետո էլ դա որպես պաշտոնական լրատվություն ներկայացնել։

Բաժին բերելն այդքան հեշտ բա՞ն է, ցանկացած արարքի համար մարդուն կարելի՞ է բերման ենթարկել։ Հանցավորության դեմ պայքարի դաշտում համաչափությունը կարևորագույն սկզբունք է՝ սկսած Մարդու իրավունքների եվրոպական դատարանից մինչև մեր ամենավատ գրված օրենքները։

– Վերջին մեկ տարում հասարակության մոտ ընդհանրապես մտածելակերպի փոփոխություն նկատե՞լ եք, ե՞րբ կարող ենք մտքի հեղափոխություն ունենալ։

– Այս կարճ ժամանակահատվածում շատ դժվար է մարդկանց ուղեղում ձևավորել քաղաքացի։ Ես կարծում եմ, որ այս հեղափոխության շնորհիվ ամենակարևոր բանը, որ եղավ, կրթվելն ու սովորելն է։ Սկսած պարզագույն տերմիններից՝ վեթինգ, անցումային արդարադատություն, ապօրինի հարստացում, դրանցով այսօր հասարակությունը հետաքրքրված է։

Սա վտանգավոր է այն իմաստով, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն դնում է վերլուծողի տեղ։ Սա վտանգավոր է, որ մենք քաղաքականացվում ենք։ Բայց հեղափոխության այս հատվածն ինձ համար կարևոր է այնքանով, որ յուրաքանչյուր քաղաքացի ուզում է հասկանալ։

Սա նշանակում է, որ ինքը հավատում է իր ղեկավարին, հավատում է, որ իր համար վատ բան չեն անում։ Ենթագիտակցաբար գոնե հասկանում ենք, որ այս մարդիկ մեր վատը չեն ուզում։ Եթե նախկինում ամենաոսկե սարեր խոստացող օրինագիծն էլ բերվում էր, տաքսու վարորդից մինչև հենց ինքը՝ երկրի ղեկավարը, անտարբեր էին, որովհետև բոլորը հասկանում էին, որ դրա տակ ինչ-որ շինծու ու թակարդային բան կա։

Եվ այդ վստահության պակասը բերում էր նրան, որ մարդիկ չէին էլ ուզում իմանալ, թե այդ օրենքներն ինչի համար են։ Այսօրվա հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ մենք հասկանում ենք, որ ինչ-որ մարդիկ ուզում են լավ բան անել մեր երկրի համար, և բոլորս հետաքրքրված ենք, թե այս ինչ են ուզում անել։ Եվ տաքսու վարորդից մինչև ղեկավարություն, բոլորը քննարկում են այդ հարցերը՝ ի՛նչ է վեթինգը, ի՛նչ է անցումային արդարադատությունը։ Եվ սա երկրորդային իմաստով շատ լավ է։

Իսկ առաջնային իմաստով մենք պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքացին չքաղաքականացվի։ Ամեն ինչը կապել վարչապետի կամ մեկ այլ անձի հետ՝ այս անձակենտրոնությունից մենք մի օր պետք է վեր կանգնենք և իրապես կերտենք մեր քաղաքացի տեսակը, որը, ենթադրվում է, պետք է ունենա իր 25 տարի հետոյի պատկերացումը, թե ո՛ւր է ուզում ինքը գնալ և ինչպիսի՛ պետության մեջ է ուզում ապրել։

Կամաց-կամաց կկերտենք, մենք դեռ ունենալու ենք հեղափոխություններ, մենք իրապես ունենալու ենք ինչ-որ որակական ու կառուցակարգային փոփոխություններ, և ընդհանրապես էական չէ, թե անձն ով է լինելու։ Կարող են լինել այս նույն իշխանությունները, բայց ոչ թե մենք կսկսենք մերժել, թե ինչ չենք ուզում, այլ արդեն կսկսենք ձևավորել, թե ինչ ենք ուզում և կպայքարենք այդ ուզածի համար։

Յուրաքանչյուրս մեր տեղում եթե աշխատենք, վաղը լավ է լինելու։ Մյուս կողմից էլ ուզում եմ շեշտել, որ պետք չէ պարբերաբար քաղաքացու վրա մուննաթ գալ, որ՝ դու չես աշխատում, դրա համար էլ վատ ես ապրում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am