ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Սյունիքի, Վայոց ձորի մարզերում էր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։

Սյունիքի մարզում՝ Սիսիանի քաղաքապետարանում, ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝ Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու համար։ Նախարարը հավելել է, որ ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։

Սյունիքի մարզից նախարարը մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։ Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ ,որից համայնքի ներդրումը՝ 10 586 464 , պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։ Նախարարին տեղեկացրել են,որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում,որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։ Նախարարը նշել է, որ գյուղական և փոքր բնակավայրերի երեխաները նույնպես պետք է ունենան կրթության և զարգացման նույն հնարավորություները,ինչ մեծ քաղաքների իրենց հասակակիցները։

Սրան են միտված նաև ինչպես սուբվենցիոն ծրագրերը,այնպես էլ համայնքների միավորմամբ փոքր գյուղերի համար ստեղծվող հնարավորությունները։ Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց միմչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորորությամբ արևային կայանները։

Եղեգնաձոր համայնքում նորոգվում են ճասնապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։

Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։

Ընդհանուր առմամբ՝ 2021թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ 126,3 մլն դրամ արժողությամբ, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է:

Ներկայում 27 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են։