«Ինչի՞ մնամ». Ռուսաստանի` դյուրացված քաղաքացիության տրամադրումը ոգեւորել է նույնիսկ ահմանամերձ գյուղերի կանանց

«Ինչի՞ մնամ». Ռուսաստանի` դյուրացված քաղաքացիության տրամադրումը ոգեւորել  է նույնիսկ ահմանամերձ գյուղերի կանանց
«Ինչի՞ մնամ». Ռուսաստանի` դյուրացված քաղաքացիության տրամադրումը ոգեւորել է նույնիսկ ահմանամերձ գյուղերի կանանց

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից վերջին տարիներին արտագաղթողների հոսքը չի դադարում:

Աշխատատեղերի բացակայությունը, թշնամու կողմից անընդմեջ հնչող կրակոցները գյուղերի երտասարդներին արտագաղթի են մղում:

Սահմանամերձ Չինարի գյուղում ասում են, որ չկա շաբաթ, որ երիտասարդները չգնան գյուղից:

«էս երկու-երեք օրը մի 15 տղա գնացած կըլնեն արդեն: Ընտանիքի տեր կամ ազաբ տղերք գնացել են, Ռուսաաստան են գնում մեծամասանբ, մինչև Սիբիր հասնում են: Շատ ա քչացել գյուղի բնակչությունը»,- «Մեդիալաբին» ասում է Չինարի գյուղի բնակիչ Արտավազդ Երունյանը:

Նրա որդիներից մեկը Մոսկվայում է բնակվում, մյուսը՝ Երևանում:

Ծերունին ասում է, որ երիտասարդներն իրենց ընտանիքները կերակրելու համար են արտագաղթում, բայց հույս ունի, որ դեռ հետ են գալու: Հայացքն հառելով հեռուն՝ նա ասում է.

«Մեկն էլ մնալ չի, բոլորը հետ են գալու»:

Ռուսաստանի՝ օտարերկրացիներին պարզեցված կարգով քաղացիություն տալու վերաբերյալ օրենքի մասին Չինարիում արդեն տեղյակ են:

Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանցից ոմանք կարծում են, որ այդ օրենքն ի վնաս Հայաստանի է, քանի որ հայերը հիմնականում ՌԴ են մեկնում արտագնա աշխատանքի:

Չինարիից նույնպես երիտասարդները հիմնականում Ռուսաստան են մեկնում:

«Որ իմանամ գնամ ու ինձ մի ամսից գրանցում կտան, ես էլ ուրախ կերպով կեթամ, բա մնամ ի՞նչ անեմ»,- «Մեդիալաբին» ասում է գյուղի բնակիչ Երվանդ Սաղոյանը, ով թեև արդեն երիտասարդ չէ, բայց հույսը չի կապում հայրենի գյուղի հետ:

Նրա կարծիքով՝ ՌԴ նոր օրենքը ոչ միայն սահմամամերձ գյուղերի, այլ ընդհանրապես Հայաստանի վրա բացասաբար կազդի:

Նույն կարծիքին է նաև Չինարիի բնակիչ Բորիս Մակարյանը, ով ասում է, որ Ռուսաստանում հայերին պարզեցված կարգով քաղացիություն տալու դեպքում Հայաստանը  կդատարկվի:

«Եթե ընդեղ պայման ստեղծեն մեր համար, կգնանք: Մեր կառավարությունն ասում ա՝ մարդիկ թողում  են, գնում, բայց չի ասում՝ ինչի՞ համար են գնում, սոված են մարդիկ, պիտի աշխատեն, երկու կոպեկ ստեղծեն, ընտանիքը պահեն: Դե մի աշխատատեղ սարքի, զավոդ սարքի»,- ասում է նա:

Չինարեցիները կարոտով են հիշում այն տարիները, երբ մարզի Հայէլեկտրո նախկին գործարանում 8 հազար մարդ էր աշխատում: Նրանք բողոքում են նաև այսօրվա պայմաններից, երբ մարդկանց շատ են աշխատացնում, քիչ վճարում:

«Հովիկ Աբրահամյանի լավ որոշումներից մեկն էլ էն կըլնի, որ կառավարությունը որոշում հանի, մարդկանց քիչ աշխատացնեն, շատ վարձրատրեն: Մարդկանց աշխատացնում են 12 ժամ, վարձատրում օրական 2500-3000 դրամ»,- ասում են նրանք:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը գոհ է կառավարության ուշադրությունից, ասում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքը կառավարության  ուշադրության կենտրոնում է՝ միջհամայնքային ճանապարհն է ասֆալտապատվել, համայքն ամբողջությաբ գազիֆիկացվել է, խմելու ու ոռոգման ջրագծեր են կառուցվել:

Խնդիր է աշխատատեղը և այն, որ թշնամին պարբերաբար կրակում է բնակավայրի ուղղությամբ, գյուղացիները չեն կարողանում լիարժեք հողագործությամբ զբաղվել:

«Չինարեցիները պատերազմի ժամանակ երբեք վախից չեն փախել, պարզապես եթե մարդիկ գյուղում են ապրում են և չունեն աշխատանք, այսօր գնում են: Գյուղում ապրող մարդը պետք է լինի կամ հողի մշակ, կամ անասնապահ: Եթե մարդը չի կարողանում ռեալ հոգալ իր ընտանիքի սոցիալ-տնտեսական հարցերը, հողատարածքները գտնվում են թշնամու վերահսկողության ներքո, վիճակը դժվարանում է»,- ասում է գյուղապետը:

Գյուղի բնակչության թիվը վերջին տարիներին նվազում է: Խուսափելով կոնկերտ թվեր ներկայացնելուց՝ գյուղապետն ասում է, որ գյուղը ներկայումս ունի 1250 բնակիչ, տարվա սկզբից այստեղ ծնվել է ընդամենը երկու երեխա, բայց սպասում են նոր ծնունդների: Չինարիի դպրոցում սովորում է 119 երեխա, մանկապարտեզում՝ 28:

«Ցավոք սրտի երեխաների թիվը պակասում է»,- ասում է նա:

Գյուղի տարեց բնակչուհիներից Ալվարդ Վանյանը ասում է՝ «գյուղից գնող կա, մնող էլ կա»:

«Որ ասեմ՝ չեն գնում, կհավատա՞ք: Երկու օր առաջ 8 ջահել իրար հետ գնացին: Աշխատանք չկա, մարդիկ գյուղի մեջը նստած են պարապ: Ջահելները կարող ա գնան ու մնան, բայց ընտանիքի տերերը չեն կարա գնան»,- «Մեդիալաբին» ասում է նա:
Սահմանամերձ Մոսվսես գյուղում պատկերը շատ քիչ է  տարբերվում Չինարիից:

Գյուղ բնակչուհի Ռոզա Ապրեսյանը «Մեդիալաբին» ասում է, որ տների 20 տոկոսն արդեն դատարկ է, մարդ չի ապրում:

«Գյուղի երիտասարդների մեծ մասը դուրսն են, ժամը վեցից հետո 5-6 հոգի կտեսնեք փողոցներում»,- ասում է նա:

Եթե Ռուսաստանում հեշտ քաղաքացիություն տան, Մովսեսի կանանցից ոմանք նույնպես պատրաստ են մեկնել արտագնա աշխատանքի:

«Ես էլ եմ ուզում էթամ, ինչի՞ մնամ, բա ավտոմատի պուլի տակ չեմ կարում ապրեմ: Դպրոցի փոքր երեխուն էլ, որ հարց ես տալիս, ասում ա՝ դպրոցը պրծա, կգնամ Ռուսաստան»,- ասում է Ռոզա Ապրեսյանը:

Մովսեսի բնակչուհի Ամալյա Այվազյանի որդիները նույնպես Ռուսաստանում են: Նա ասում է, որ եթե որդիները քաղաքացիություն ստանան, ինքն էլ կգնա:

«Իմ երեխեքը որ քաղաքացիություն ստանան, ես վազ տալով կեթամ մոտները: Ջահելները գնում են, ջահելը ե՞րբ կմնա, երբ որ մի հատ աշխատատեղ ըլնի, երիտասարդները աշխատեն, երկու կոպեկ ստանան, իրաց երեխուն պահեն: Բայց մնան ի՞նչ անեն, հողը չեն կարում մշակեն, թուրքի հսկողության տակ ա, գողեգող ենք մշակում: Գնում ես դաշտ, բայց չգիտես՝ սաղ հետ կգաս, թե չէ»,- ասում է Ամալյա Այվազյանը:

© Medialab.am