Երկրաշարժը չի վնասել Մեծամորի ատոմակայանին

Երկրաշարժը չի վնասել Մեծամորի ատոմակայանին
Երկրաշարժը չի վնասել Մեծամորի ատոմակայանին

Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։
Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։

Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների:

Մինչդեռ թուրքական “Զաման” օրաթերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունից (TAEK) ստացված տեղեկությունը, տեղեկացնում ե, որ Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը։ Ըստ TAEK–ի՝ Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են տարվում՝ երկրաշարժի հետևանքով առաջացած վնասները վերացնելու ուղղությամբ:

Թուրքական կողմը պնդում է, որ անգամ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել, որը, սակայն, վտանգավոր չափերի չի հասնում և ներկա պահին որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։

Medialab.am