Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Ներկա պահին համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, քանի որ վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ աճ: Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ»,-ասաց Աբովյանը:
Ընդ որում, ՀՀ-ում արդեն վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից, կազմում է 1.3: «Դա նշանակում է, որ եթե մոտակա 7 օրերի ընթացքում որևէ միջոցառում չձեռնարկվի և չբարձրացնենք զգոնությունը՝ անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ նոր 3700 դեպք»,-ասաց Աբովյանն ու հիշեցրեց ԱՀԿ-ի կողմից առաջարկված 3 կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների կրում:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նաև մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում կա դեպքերի կտրուկ աճ: Օրինակ 3-5 տարեկանների շրջանում դեպքայնությունն աճել է 1.17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3.3 անգամ: