Թրամփը նոր որոշում է ստորագրել․ ԱՄՆ-ում ծնվելը որոշ դեպքերում այլևս ինքնաբերաբար քաղաքացիություն չի տա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին ստորագրել է նոր գործադիր հրամանագիր, որով սահմանվում են դեպքեր, երբ ԱՄՆ պետական մարմինները չպետք է ճանաչեն ԱՄՆ-ում ծնված անձի քաղաքացիությունը, եթե նրա ծնողներից ոչ մեկը ԱՄՆ քաղաքացի չէ։ Սպիտակ տունը փաստաթուղթը ներկայացրել է որպես ամերիկյան քաղաքացիության «իմաստն ու արժեքը» պաշտպանելու քայլ։

Ինչպես հայտնում է Սպիտակ տան հաղորդագրությունը, հրամանագրով սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, այն դեպքերին, երբ ծնողներից մեկը համարվում է օտարերկրյա կառավարության կամ միջազգային կազմակերպության որոշ կատեգորիայի աշխատակից, ինչպես նաև երբ ծնողները վճարովի կամ խարդախ սխեմայով կազմակերպել են երեխայի ծնունդը ԱՄՆ-ում՝ քաղաքացիություն ստանալու նպատակով։

Փաստաթուղթը հատուկ ընդգրկում է նաև այսպես կոչված «ծննդյան տուրիզմը»․ եթե ծնողները առևտրային գործարք են կնքել, որպեսզի մայրը գտնվի ԱՄՆ-ում կամ ամերիկյան տարածքում հենց երեխային այնտեղ ծննդաբերելու և քաղաքացիություն ստանալու նպատակով, նման դեպքում քաղաքացիության ճանաչումը կարող է մերժվել։ Նույն մոտեցումը տարածվում է նաև ԱՄՆ-ում գտնվող փոխնակ մոր միջոցով կազմակերպված ծննդի որոշ դեպքերի վրա։

Հրամանագիրը վերաբերում է նաև այն տարածքներում կամ ԱՄՆ տարածքային ջրերում ծնված անձանց, որոնց դեպքում դաշնային օրենքով քաղաքացիություն նախատեսված չէ։

Պետքարտուղարությանը, Արդարադատության, Ներքին անվտանգության գերատեսչություններին և Սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվել է իրենց կանոններն ու գործելակերպը համապատասխանեցնել նոր հրամանագրին, իսկ բոլոր դաշնային գերատեսչությունները 30 օրվա ընթացքում պետք է հրապարակեն դրա կիրառման վերաբերյալ ուղեցույցներ։

Սպիտակ տունը հրամանագիրը կապել է նաև 2026 թվականի հունիսի 30-ի Գերագույն դատարանի որոշման հետ՝ նշելով, որ նոր փաստաթուղթը հստակեցնում է, թե որ խմբերը, վարչակազմի մեկնաբանությամբ, չեն ընկնում ծննդով քաղաքացիության սահմանադրական պաշտպանության ներքո։