«Ոչ մի սպասելիք չկա. նորերն անատամ են, հները՝ ռևանշիստ». Սերգեյ Դանիելյան (Յոժ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

-Ընտրություններից առաջ շատերն էին նշում, որ հետընտրական ցնցումներ կլինեն, բայց հիմա տեսնում ենք, որ ամեն ինչ շատ հանգիստ եղավ: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները, ի՞նչ տեղի ունեցավ:

-Եթե ընդդիմությունն էդքան ուղեղ ունենար, կարող էր այնպես անել, որ իշխանության և ընդդիմության ձայների միջև այդ անջրպետը այդքան մեծ չլիներ և իրենք ավելի շատ ձայներ հավաքեին: Քոչարյանն իր վերջին միտինգի համար շատ ջանք թափեց և շատ մարդ հավաքեց՝ տարբեր ռեսուրսներ օգտագործելով, մարդիկ էլ վախեցան, որ ինքը կարող է վերադառնալ և վազեցին Նիկոլին ընտրելու:

Ես լիքը մարդ գիտեմ, որ ընդհանրապես չէին ուզում գնալ ընտրության, բայց երբ տեսան, որ Քոչարյանը ահագին մարդ է հավաքել հրապարակում, ասեցին՝ գնանք ընտրենք Նիկոլին: Ընդհանրապես, ընդդիմությունը շատ լավ զբաղվում է «Քաղաքացիական պայմանագրի» PR-ով: Հեղափոխությունից անմիջապես հետո մինչև հիմա ինչքան իրենք սկսեցին խոսել, այնքան ժողովուրդը թեքվեց դեպի իշխանություն:

-Այսօր արդեն պարզ է, թե որ ուժերն են անցնում խորհրդարան և ինչ համամասնությամբ: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նոր խորհրդարանից: Այս հայհոյանքները կտեղափոխվե՞ն խորհրդարան, թե՞ կառուցողական վարքագիծս կդրսևորվի:

-Ոչ մի կառուցողական բան չի կարելի սպասել դրանցից՝ ո՛չ հներից, ո՛չ նորերից: Նորերն անատամ են, հները՝ ռևանշիստ: Ոչ մի սպասելիք չկա: Նոր քաղաքական դաշտ պետք է ձևավորվի, իսկ դրա համար ժամանակ է պետք:

-Իսկ երբ ձևավորվի ձեր նշած նոր քաղաքական դաշտը, նորից կլինե՞ն արտահերթ ընտրություններ:

-Այո՛, իհարկե կլինեն նոր ընտրություններ: Ինձ թվում է, որ երկու տարի հետո նորից կլինեն արտահերթ ընտրություններ:

-Իշխանությունները հայտարարում են, որ համակարգային վեթինգ են անելու, պողպատյա հեղափոխություն են անելու: Այս մասով սպասելիքներ չկա՞ն:

-Դա հայտնի անեկդոտի նման է, որ ասում է՝ գիտես, մեկը գլուխ է գովում, թե՝ օրական այսքան անգամ կարողանում է սեքս անել, պատասխանում է՝ դու էլ ասա: Ասելով չի, անելու լինեին՝ մինչև հիմա կանեին, էլի: Ոչ մի բան էլ չեն կարող անել:

Իհարկե, ցավով եմ ասում: Ամեն դեպքում իրենք դրա մանդատն ունեն, ինչպես կասեր դասականը՝ պողպատյա մանդատ: Տեսնենք, թե ի՛նչ կանեն: Մեզնից ի՞նչ է ակնկալվում՝ ՀԴՄ ուզել, ուզում ենք: Պահանջվում է կաշառք չտալ, ես ոչ տվել եմ, ոչ վերցրել եմ, ՀԴՄ միշտ ուզել եմ, մեքենայիս ամրագոտին էլ գցել եմ:

-Փաստորեն, հասարակությունն ամեն ինչ արեց, որ Քոչարյանը չդառնա՞ մեծամասնություն:

-Հասարակությունը հներից զզվում է, չի ընդունում, էն ով էլ գնում ընտրում է, ճարահատյալ է գնում: Որովհետև այդ մարդիկ աշխատում են իրենց ընկերություններում, օֆիսներում, որովհետև ինչ-որ ծրագրերի հովանավոր են կանգնում, փող են ծախսում և այլն: Սա էն դեպքն է, որ ասում են՝ թող մարդը հարուստ լինի, ջհանդամը, թե իմպոտենտ չի, քյաֆթառ չի, փորով չի, վրից էլ շան հոտ չի գալիս:

Բայց հարուստ է, ընտանիքը պահում է, կնիկը մի ձև յոլա է գնում: Եթե հները փող չունենան, ո՞վ է թքելու դրանց երեսին, ոչ ոք: Իրենց միակ ռեսուրսը, միակ սրբությունը փողն է, որից ունեն: Բայց ժողովուրդն էլ այնպիսին չէ, ինչպես, ասենք, 4-5 տարի առաջ, և հեղափոխության միակ ձեռքբերումը դա է: Մնացածը փոքրիկ բաներ են:

– Դուք կարծում եք, որ Փաշինյանն ընտրվեց, որովհետև հասարակությունը այդքան չէ՞ր ուզում հների վերադարձը:

-Այո, այո, միայն, այդտեղ ուրիշ ընտրելու բան չկար:

– Այդ դեպքում ինչո՞ւ ուրիշ ուժեր չանցան խորհրդարան:

-Ժողովուրդը չի վստահում, վախենում է: Էդ ուժերի մի մասը ռադիկալ, նացիոնալիստական ուժեր են, մենք սովոր չենք այդպիսի կտրուկ փոփոխությունների: Մյուս կողմից՝ վախեցած ենք, Ռուսաստանն ատում ենք, բայց վախենում ենք: Ո՞վ է վստահում Ռուսաստանին, ոչ ոք:

Ում հարցնում ես՝ յախա են թափ տալիս, բայց վախենում ենք: Ռուսաստանը կարող է հոկտեմբերի 27 անի, կարող է երկրաշարժ անի, կարող է պատերազմ սկսի, ոնց որ մի քանի ամիս առաջ արեց: Ինչ ուզես, կարող է բերել մեր գլխին: Դրա համար վախենում ենք: Այդպես չի, որ սուս ենք մնացել, բոլորս էլ ատում ենք, բոլոր նորմալ մարդիկ ատում են Ռուսաստանն այդ ամենի համար:

– Իսկ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ արդարացնի իրեն տված քվեն:

– Նիկոլը պետք է հավաքի նորմալ թիմ, ինքը հրաժարական տա, դուրս գա կամ ֆիկտիվ մնա վարչապետ, բայց ինքը չղեկավարի: Պետք է համայն հայությունից հավաքի ինտելեկտուալների կառավարություն:

– Իսկ եթե չարդարացնի մարդկանց հույսերը, ի՞նչ տեղի կունենա, մարդիկ նորի՞ց փողոց դուրս կգան:

– Երկաթյա մանդատը կդառնա երկաթյա ֆալոս:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այս իշխանությունների ամենամեծ բացը՝ պրոֆեսիոնալ կադրերի պակա՞սը:

– Ամենամեծ բացը առաջնայինը երկրորդականից չտարբերելն է, Նիկոլի ինքնահավանությունը, որ չի լսում ոչ մտավորականներին, ոչ սփյուռքին: Չի կարողանում սփյուռքն օգտագործել: Այդ ամենը կործանեց երկիրը:

Մանե Հարությունյան

MediaLab.am