Սահմանադրական բարդակի փայատերերը

Մհեր Արշակյան

Եկեք անկեղծ լինենք՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները մանդատները պահպանում են ամենևին ոչ իրենց ընտրողներին օգտակար լինելու մղումից: Նրանց հենց մանդատն է պետք: Եվ հենց նույն մանդատով էլ նրանք կարող են օգտակար լինել, ասենք՝ ընդդիմադիր խմբակցություններին: 

Դիցուք՝ Գոռ Գևորգյանը մանդատից չի հրաժարվում, որովհետև նա «գործ» ունի անելու ընդդեմ «Իմ քայլի»: 

Սոֆիա Հովսեփյանի պարագան դժվար է հասկանալ, նա միշտ էլ առիթի դեպքում «Իմ քայլի» ընդհանուր գծի մեջ չտեղավորվող հայտարարություններ է արել: 

Թագուհի Թովմասյանի հրաժարման պարագան էլ է հասկանալի, անհասկանալի է, թե նա ի՛նչ գործ ուներ «Իմ քայլում»: 

Ինչ վերաբերում է Վարդան Աթաբեկյանին, անձամբ նրան տեսած լինելով՝ դժվարանում եմ ենթադրել, որ ինքը կա: Հենց այդ պատճառով էլ այս մարդը Գոռ Գևորգյանի նման կարող է ավելի շատ աշխատել ընդդիմության օգտին, թեպետ գուցե ոչ «Իմ քայլի» դեմ, ենթադրենք՝ խորհրդարանում պաշտպանել, ասենք, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: 

Աննա Գրիգորյանին նույնիսկ դեմքով չգիտեմ, նա մանդատը վերցրեց «Իմ քայլից» թռնելուն զուգահեռ:

Այս հոդվածի նպատակը «Իմ քայլի» արժանապատվությունը պաշտպանելը չէ, այս խորհրդարանը պետք է լուծարվի, Հայաստանում 2,5 տարվա ընթացքում երկրորդ անգամ այնպիսի իրավիճակ է փոխվում, որ իշխանությունն առնվազն վերաքննության կարիք ունի: 

Այս հոդվածի նպատակն է հասկանալ՝ խմբակցությունից հրաժարվողը պե՞տք է պահպանի մանդատը: Այն բարդակը, որ տիրում է Հայաստանի քաղաքական դաշտում, այո՛, նրանց հնարավորություն է տալիս պահպանել մանդատները ոչ միայն այն պատճառով, որ օրենքը չի արգելում, այլև այն պատճառով, որ պարզ չէ, թե «Իմ քայլում» մնացողները հասարակական ի՞նչ հարց են լուծում խմբակցության մեջ մնալով, պարտությունից հետո ինչո՞վ են նպաստում պետական դիմադրողականության ամրապնդմանը: 

Որպեսզի հասկանանք, թե ինչո՛ւ են նրանք պահպանում մանդատը, երկար խորանալ պետք չէ՝ մանդատը կարգավիճակ է և փող, մանդատը հեղինակություն է, այն մանդատավորին բարձր է դնում, ասենք՝ ինձանից կամ Պողոսից, որն «իրավունք» չուներ պատահած ամեն մեկի օգտին քվեարկելու: 

Ոչ մի հայրենասիրական մղում չկա մանդատը պահպանելու մեջ, հիմա հաստատ ոչ մեկը չի կարող և կարիք էլ չունի լինելու հայրենասեր: Որովհետև Հայաստանում բառի բուն իմաստով բարդակ է, և այդ բարդակի փայատեր են և՛ իմքայլականները, և՛ այնտեղից դուրս եկածները: Նրանք գիտեն, որ բարդակը՝ բարդակ, բայց այն իր հմայքն ու առավելություններն ունի խորհրդարանում: 

Ի՞նչ հարց պիտի լուծեն Աննա Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը կամ Գոռ Գևորգյանը: Նրանք խմբակցությունից դուրս եկան, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ невостребованный: 

Այսինքն՝ դա հասկանալի է դարձել նրանց, ուրեմն և ամբողջ Հայաստանի համար: Ուրեմն այս խորհրդարանն այլևս չի արտացոլում նոր իրողության հրամայականները: 

Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք մնում խորհրդարանում, եթե դա հասկացել են: Նրանք մունետիկներ են այս խորհրդարանի ուժերի դասավորության անհեթեթությունը հասկանալու մեջ, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն ուզում մանդատներից հրաժարվելու մունետիկներ լինել: 

Եթե հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանի հետ լինելը վտանգավոր է, ինչո՞ւ են մտածում, թե բառի բուն իմաստով նրան դավաճանելով՝ իրենք պակաս անվտանգ են: Եթե Նիկոլը հրեշ է, դուք չափազանց ուշացել եք հակահրեշ լինելու դերում: 

Սահմանադրությունը պատգամավորի համար նախատեսում է «ցվրվել» խմբակցությունից, բայց ոչ խորհրդարանից: Հետևաբար հիշյալ հինգը անօրինական ոչինչ չեն արել: Բայց ովքե՞ր են լինելու նրանք նոր ընտրությունների պարագայում: Այս հարցի պատասխանն իրենք չունեն: 

Իրենք (գուցե բացառությամբ Թագուհի Թովմասյանի. նա հեղինակություն վայելող թերթ ունի) ԱԺ-ում մնում են, որովհետև հեղինակություն ծախելու այլ դաշտ չունեն այսքան շունը տիրոջը չճանաչող Հայաստանում: 

Իրենք մնում են՝ կառչելով հարմարավետության ավերակների վերջին հենարաններից, նույնիսկ ստվերից: 

Ինչ իմանաս, գուցե նույնիսկ այս խորհրդարանը չցրվի՞: Եվ այս քաղաքական ավերակը մեզ ուղեկցի և՞ս 3 տարի:

Մհեր Արշակյան

MediaLab.am