Եթե Միրզոյանի արձագանքով ընդամենը հակադրության իմիտացիա է ստեղծվում, դա կարող է բերել նոր էսկալացիայի ու նոր կորուստների. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու իրենց արած հինգ կետից բաղկացած առաջարկության վրա, որոնք հայկական կողմն ընդունել է։ Սրան ի պատասխան այսօր հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մասնավորապես նշելով. «Իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք կողմերի հայտարարությունները։

– Ադրբեջանը բոլոր առիթներն օգտագործում է, որպեսզի իր օրակարգը թելադրի հայկական կողմին, սա նորություն չէ, պատերազմից հետո հատկապես, ցավոք սրտի, մենք դրա հաջողված դեպքերին ականատես եղել ենք։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ դրվագին․ Ադրբեջանի առաջարկության մեջ տարակուսելի ոչինչ չկա, դրանք միջազգային իրավունքից բխող ինչ-որ կետեր են, որոնք ցանկացած խաղաղության բանակցությունների ժամանակ քննարկելի են։ Ինձ համար զարմանալի չէ, որ Ալիևը հիմա նման հայտարարություն է անում, որովհետև ժամանակին, երբ հայկական կողմը ներկայացրեց իր վեց կետից բաղկացած առաջարկությունը, Ադրբեջանի արտգործնախարարը դրանք ծաղրեց՝ ասելով, որ դրանք ըստ էության առաջարկություններ չէին։ 

Անկեղծ ասած, հայկական կողմի առաջարկներն իսկապես շատ դիլետանտ ձևով էին կազմված։ Եթե վերանանք ֆորմալիզմից՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում գլխավոր հարցը լինելու է հետևյալը․ արդյոք ԼՂ-ի խնդիրը ներառվելո՞ւ է խաղաղության պայմանագրի տեքստում, թե՞ ԼՂ-ի կարգավորման խնդիրը տարանջատվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների մյուս բաղադրիչներից։ 

Այս հարցի շուրջ է, որ կան հակասություններ, ու, անկեղծ ասած, եթե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում մեզ համար պարզ է, Հայաստանի դիրքորոշումը մինչև հիմա լղոզված է, հակասական, ու մենք չգիտենք հայկական կողմի դիրքորոշումը։

– Իսկ գուցե այդ պայմանագրի հիմքում իսկապե՞ս Ադրբեջանի դիրքորոշումն է լինելու, ըստ որի Արցախը Ադրբեջանի մաս պետք է ճանաչվի, ինչ եք կարծում։

– Նրանք ձգտելու են այդպես անել, բայց այստեղ հայկական կողմն ունի մեկ հնարավորություն: Անկեղծ ասած, Հայաստանն ինքնուրույն չի կարող չեզոքացնել այդ վտանգը, որովհետև գիտենք, որ պատերազմելու ռեսուրս չունենք, հակադրվելու ռեսուրս էլ առանձնապես չունենք։ Բայց այստեղ կա շատ կարևոր երկու հանգամանք, որը ի նպաստ հայկական կողմի է գործում։ Առաջինը Ռուսաստանի դիրքորոշումն է, որը քանիցս, ընդ որում՝ տարբեր մակարդակներով, հնչեցվել է, որ առաջին փուլում պետք է լուծվեն հայ-ադրբեջանական հարաբերություններն այլ խնդիրներում, հետո ձևավորվի վստահության միջավայր, նոր՝ ավելի ուշ, անդրադարձ կատարվի ԼՂ կարգավիճակին։ 

Նման մոտեցումն իհարկե պայմանավորված է Ռուսաստանի շահերով, որովհետև քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, մոտիվացված է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախի տարածքում, բայց անգամ այս պարագայում սա հնարավորություն է հայկական դիվանագիտության համար։ 

Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ միջազգային հանրության գրեթե բոլոր խաղացողները՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ֆրանսիա, մի քանի առիթներով հայտարարել են, որ ԼՂ խնդիրը քաղաքական առումով կարգավորված չեն համարում։ 

Հիմա մեր դիվանագիտության արդյունավետությունից է կախված՝ մենք կարո՞ղ ենք օգտագործել արտաքին խաղացողների, առաջին հերթին՝ Ռուսաստանի դիրքորոշումները, թե՞ չենք կարող ու հարկադրված պետք է տեղի տանք Բաքվի ճնշմանը։

– Պարո՛ն Սուրենյանց, քանի որ նշեցիք, որ հայկական կողմի դիրքորոշումը լղոզված է, ու չգիտենք, թե ի վերջո ինչպիսին է այն, արտգործնախարարի կոնկրետ այսօրվա հայտարարությունից պարզ դառնո՞ւմ է, թե ո՛րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։

– Բուն այդ հայտարարությունը շատ նորմալ եմ համարում, բայց մենք ունենք շատ վատ նախադեպ, ցավով եմ հիշեցնում՝ առանց չարախնդալու, երբ Ադրբեջանը սահմանեց վերջնաժամկետ Բերձորի ու Աղավնոյի համար, եթե կհիշեք՝ շատ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Արմեն Գրիգորյանը, բայց դրան անմիջապես հաջորդեցին ռազմական գործողություններ, մենք ունեցանք երկու հայորդու կորուստ, էլ չեմ ասում մնացած կորուստների մասին, ու ի վերջո Ադրբեջանը հասավ իր նպատակին։ 

Հիմա չլինի, որ Միրզոյանի հայտարարությունն ունենա նույն հետևանքը, այսինքն՝ հայտարարությունն ինքնին նորմալ է, բայց չգիտեմ՝ դրա ռիսկերը հաշվարկվա՞ծ են, թե՞ ոչ։ Կամ այս հայտարարությունն անելուն զուգահեռ, ասենք, Մոսկվայի հետ այդ թեմայով արդյունավետ բանակցություններ արվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այդ հայտարարությունը առարկայական հիմքերով ամրապնդված է՝ դա դրական է, եթե ընդամենը հակադրության իմիտացիա է ստեղծվում, դա կարող է բերել նոր էսկալացիայի ու նոր կորուստների։ 

– Ինչո՞ւ հայկական կողմը հստակ չի ասում, թե այդ խաղաղության պայմանագրում ներառված կլինե՞ն Արցախին առնչվող հարցեր, թե՞ չէ, ըստ ձեզ՝ պատճառը ո՞րն է։ 

– Հայկական կողմը հերիք չէ, որ չունի սեփական օրակարգ, նաև հայտնվել է, իմ կարծիքով իհարկե, աշխարհաքաղաքական տեղապտույտի մեջ․ մի կողմից Մոսկվան ասում է՝ փուլային լուծում պետք է լինի, իսկ Եվրամիությունը համապարփակ կարգավորման կողմնակից է, որը ենթադրում է բոլոր հարցերի լուծում մեկ փաստաթղթով, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի։ 

– Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Այդ օրը Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպումը, բայց մենք շատ ավելի կարևոր հայտարարություն լսեցինք Մոսկվայից։ Բրյուսելյան հանդիպումից հետո լսեցինք ստանդարտ հայտարարություն, ինչը կանխատեսելի էր, բայց հենց նույն օրը Մոսկվայում՝ Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գրեթե բառացիորեն հայտարարեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կա մեծ առաջընթաց, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու ակնարկեց, որ շուտով դրանք փաստաթղթավորվելու են։ 

Սա նշանակում է, որ իրական գործընթացը ոչ թե Բրյուսելի դաշտում է տեղի ունենում, այլ՝ Մոսկվայի, և մենք, ամենայն հավանականությամբ, ոչ թե պետք է սպասենք մինչև նոյեմբեր՝ բրյուսելյան հերթական հանդիպմանը, այլ միջանկյալ այս փուլում՝ ենթադրում եմ, որ Մոսկվայի միջնորդությամբ տեղի կունենա նոր համատեղ հայտարարություն, կամ ինչ-որ պայմանագիր կկնքվի, այսինքն՝ Մոսկվան շեշտը դրել է փոքր խնդիրների լուծմամբ առաջ գնալու մարտավարության վրա, որն այս պահին, ըստ իս, ավելի աշխատող է։

– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանը ուժի կիրառման ճանապարհով կփորձի՞ հասնել խաղաղության պայմանագրի՝ իր համար ցանկալի տարբերակի կնքմանը։

– Ադրբեջանը մշտապես այդ տակտիկան ունի, այդ տակտիկան, ցավոք սրտի, պատերազմից հետո երեք անգամ առնվազն հաջողությամբ կիրառվել է, ու մենք չունենք որևէ երաշխիք, մանավանդ դիվանագիտական այս վերջին «կրակոցներից» հետո, որ ռազմական էսկալացիայի ականատես չենք լինի։ 

Դրա համար եմ ասում, որ պաշտոնական Երևանը նախ հասարակության հետ պետք է անկեղծ կոմունիկացվի, ասի՝ մեր դիմադրության սահմանը ինչքան է, ու հետո խիստ հաշվարկի հնարավոր դաշնակիցների աջակցությունը ու ըստ այդմ մշակի հստակ մարտավարություն, հակառակ պարագայում անընդհատ ականատես ենք լինելու ադրբեջանական շանտաժին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 

Ցավով պետք է արձանագրեմ, որ ամեն շանտաժից հետո հայկական բանակցային դիրքերն ավելի թուլացած են լինում։ Ադրբեջանը իր զինանոցում միշտ ունի այդ սողացող պատերազմի գործիքները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am