ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և շեշտել է վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: