«Իմ քայլի» պատգամավորները առաջարկում են 5 անգամ ավելացնել պետբյուջեից պատգամավորին հատկացվող ամսական 50 հազար դրամը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոներ Վիկտոր Ենգիբարյանը ու Նիկոլայ Բաղդասարյանը օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են բարձրացնել պետական բյուջեից պատգամավորներին տրվող ամսական չհարկվող վճարը՝ 50 հազար դրամը:

Այսպես, պատգամավորները փոփոխություններ են կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով առաջարկում են յուրաքանչյուր պատգամավորին պետական բյուջեից հատկացվող չհարկվող 50 հազար դրամը բարձրացնել 5 անգամ՝ հասցնելով 250 հազար դրամի:

Նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հուլիսի 15-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում:

Իշխանական պատգամավորները իրենց հիմնավորման մեջ նշում են, որ օրենքի ընդունումից՝ 2013 թվականից հետո չի վերանայվել այդ դրույթը, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

Բացի այդ, ըստ պատգամավորների, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանը անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ:

«Հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի և նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ)», -հաշվարկել են պատգամավորները:

Նկատենք՝ առաջարկվում է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն` 2022–ի հունվարից։