«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով՝ դատարանն ազատ արձակեց «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի, որոնք կալանքի մեջ էին։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի կայացրած որոշումը։
– Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ նման դեպքերում որոշողը Ազգային ժողովն է, այսինքն՝ մարմինը, որն իրավասու է այդ որոշումը կայացնելու, Ազգային ժողովն է։ Քանի որ նշված անձանց կալանավորման հետ կապված չի եղել ԱԺ-ի համապատասխան որոշում, թեպետ հասկանալի է, որ իշխող ուժի համար նման որոշումն ընդունելը խնդիր է, պետք է գանք եզրակացության, որ կա քաղաքական որոշում՝ նշված անձանց ազատ արձակելու։
Եթե մոտակա օրերին դատախազը ԱԺ չբերի համապատասխան միջնորդություն, որ նշված անձանց նկատմամբ ազատազրկում կիրառվի, մենք կգանք եզրակացության, որ կա ազատազրկումը դադարեցնելու քաղաքական որոշում։
Նման քաղաքական որոշումը կարող է լինել միակողմանի քննարկման կամ ինչ-ինչ գործոնների արդյունքում։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը կարող էր ճնշման միջոցով հասնել այս արդյունքին՝ ասելով, որ չի մասնակցելու միջազգային պատվիրակությունների գործունեությանը, քանի դեռ իրենց պատգամավորները անազատության մեջ են, իսկ կարող է պարզվել, որ այդ մասնակցությունը Հայաստանի համար կարևոր է, ու իշխանությունը ստիպված գնացել է այդ քայլին։
Կարող են լինել նաև պայմանավորվածություններ իշխող ուժի ու ընդդիմության միջև՝ այդ մարդկանց ազատ արձակել՝ ինչ-որ քաղաքական պայմանների դիմաց։
– ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունն այս առնչությամբ ինչպե՞ս եք գնահատում, մասնավորապես, հետևյալ հատվածը․ «․․․մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»։
– Դա իշխանությանը սպառնացող հերթական հայտարարությունն էր Քոչարյանի կողմից։
Ռոբերտ Քոչարյանի համար բավական բարդ խնդիր է հաղթահարել հանրության շրջանում տարածված իր ցածր ռեյտինգը, ինչը ինքը չկարողացավ անել նաև այս ընտրությունների ժամանակ։ Քոչարյանի թիմակիցների հույսն այն է, որ իրենց կօգնի ստեղծված իրավիճակը, այսինքն՝ իրենք ասում են՝ մի՞թե դժվար է ընդունել Քոչարյանին այն պարագայում, երբ երկիրը կորցնում է տարածքներ, պետականություն։
Ըստ էության, նրանք շարժվում են շանտաժի մոդելով՝ քանի որ երկիրը վատ վիճակում է, ուրեմն հանրությունը պետք է նորից աջակցի Ռոբերտ Քոչարյանին, բայց դա չգործող բանաձև է։ Բոլորը գիտեն, որ երկիրը վտանգի մեջ է, բայց դրանից որևէ կերպ չի բխում, որ Քոչարյանը պետք է վերադառնա իշխանության, մարդկանց ընկալման մեջ նա չի դիտվում որպես լուծում։
– Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարբերական ակտիվացումները, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Նախկին նախագահների գրեթե միաժամանակ ակտիվության դրսևորումները պատահականությա՞ն, թե՞ որոշակի միտումնավորության արդյունք են։
– Կա նպատակ գարնանը նախաձեռնել բողոքի ինչ-որ ակցիաներ, ու դա ունի ոչ միայն ներքին քաղաքական կոնտեքստ, այլ նաև աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունք է։ Սպասվում է, որ մոտակա շաբաթներին կամ ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է ստորագրվեն մի շարք երկկողմանի իրավական պարտավորություններ պարունակող փաստաթղթեր։
Խորհրդարանական ընդդիմությունը, հավանաբար, առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ քանի դեռ հայ-ադրբեջանական գործընթացը գտնվում է անձնական որոշումների մակարդակում, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է աջակցելու Նիկոլ Փաշինյանի կառավարմանը, բայց այն պահից, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվեն իրավական պարտավորություններ տարբեր հարցերի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանի կառավարմանն աջակցելու ՌԴ-ի շահագրգռվածությունը նվազելու է, ու հնարավորություն է բացվելու բողոքի ակցիաների միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
– Կարծում եք, որ խորհրդարանական ընդդիմությունը և նրանց առաջնորդները մինչև գարուն պարբերաբար կակտիվանա՞ն, մինչև ստեղծվի ձեր նշած հնարավորությունը՝ գործող իշխանությանը հեռացնելու համա՞ր։
– Ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում իր կառավարման ժամանակ, մեզ սպասում են գարնանային սրացումներ, հետո, ենթադրում եմ՝ սպասելու են աշնանային սրացումներ, բայց չեմ կարծում, թե կհաջողվի այդ կերպ հեռացնել իշխանությանը՝ հատկապես այն պարագայում, երբ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է։
Իմ կարծիքով՝ հանրությունը հերթական պետական հեղաշրջման պատրաստ չէ, ու այդ ուղղությամբ տարվող աշխատանք էլ չեմ տեսնում, որովհետև 2018 թվականի իշխանափոխությունը նախապատրաստվում էր դեռ տարիներ առաջ՝ 2012 թվականից սկսած։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am