«Հանրապետություն» կուսակցությունը միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին. հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

««Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում, Մեծ Բրիտանիայի Ադրբեջանում դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան` «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին»: