Մեծ Բրիտանիայի վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ իշխանության գալուց երկու տարուց պակաս ժամանակ անց։ Նրա հրաժարականը հաջորդել է կուսակցության ներսում աճող ճնշումներին և Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմի՝ որպես Սթարմերին փոխարինելու հավանական թեկնածուի առաջմղմանը։
Ինչպես գրում է The Guardian-ը, Սթարմերը վերջին օրերին խորհրդակցություններ է անցկացրել իր քաղաքական ապագայի շուրջ, իսկ Լեյբորիստական կուսակցության ներսում ավելի ու ավելի շատ էին խոսում ղեկավարության փոփոխության անհրաժեշտության մասին։ Նախորդ օրը պարբերականը գրել էր նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միացել է Սթարմերի քննադատություններին՝ հայտարարելով, թե նա «ձախողվել է»։
Սթարմերը վարչապետ էր դարձել 2024 թվականին՝ Լեյբորիստական կուսակցությանը 14 տարվա ընդմիջումից հետո վերադարձնելով իշխանության։ Սակայն նրա կառավարության վարկանիշը արագ անկում ապրեց՝ տնտեսական դժվարությունների, կուսակցության ներսում դժգոհությունների և մի շարք վիճահարույց որոշումների ֆոնին։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Սթարմերը կմնա պաշտոնում մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Ամենահավանական թեկնածուներից է Էնդի Բերնհեմը, որը Մեծ Մանչեսթերի քաղաքապետն է և վերջին օրերին վերադարձել է խորհրդարանական քաղաքականություն։



















