«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունից, ըստ որի Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուց հետո, ի՞նչ եզրակացություններ կարելի է անել։
– Հայաստանը և Թուրքիան վերջին տարիներին պաշտոնական շփումներ ունեն հատուկ ներկայացուցիչների մակարդակում, հայկական մարդասիրական բեռները, անմիջականորեն հատելով հայ-թուրքական սահմանը, առաքվեցին ավերիչ երկրաշարժից տուժած թուրք աղետյալներին, բայց երկու հարևան պետությունների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ ցամաքային սահմանը թափանցիկ չէ քաղաքացիների փոխայցելությունների ու բեռների տարանցման համար։
Վարչապետ Փաշինյանի կողմից գովազդվող «Խաղաղության խաչմերուկը» չի կարող աշխատել, դառնալ Արևելք-Արևմուտք ու, անգամ, Հարավ-Հյուսիս միջազգային տարանցումը լիարժեք ապահովող հանգույց, քանի փակ է հայ-թուրքական սահմանը։ Այդ սահմանն էլ, հավանաբար, կբացվի այն դեպքում, եթե երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ինչը, ըստ թուրք պաշտոնատարների, տեղի կունենա միայն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Փաշինյանի թիմի համար բախտորոշ այդ համաձայնագիրն էլ նախագահ Ալիևը գուցե ստորագրի այն դեպքում, եթե Հայաստանի վարչապետը կատարի նրա բոլոր պահանջները։ Բայց, գուցեև, նույնիսկ այդ դեպքում չստորագրի։
Իսկ այժմ Հայաստանում նախընտրական շրջան է, և ասպարեզ ելած մրցակից քաղաքական ուժերն ընտրողին կհրամցնեն իրենց երևակայության ծնած ամենաֆանտաստիկ, հեքիաթային խոստումները։ Ու դրանց մի զգալի մասի համար իշխանություն պահելը կամ դրան տիրանալը տառացիորեն կենաց-մահու հարց է։
– Ձեր գնահատմամբ՝ իրականում ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան Հայաստանի նկատմամբ։
– Պաշտոնական Անկարան Հայաստանի նկատմամբ հանդես է բերում կենդանի մուկ բռնած կատվի պահվածք՝ վերահսկում է ու մեկ ազատ թողնում, հույս տալով, թե ուր որ է կյանքը կփրկի, մեկ էլ գլխին տալիս կամ պոչից բռնում քաշում է, որպեսզի գիտակցի, թե ով է տնօրինում իր կյանքն ու համակերպվի իր դառը ճակատագրի հետ։
– Հայկական կողմը ի՞նչ դիվանագիտություն պետք է վարի, որ հնարավոր լինի Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման՝ առանց Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու։
– Այս հարցում հրապարակավ խորհուրդներ տալու իմաստը չեմ տեսնում՝ Հայաստանի գործող իշխանություններն այս պահին ստեղծված իրավիճակի վրա ազդելու ներուժ չունեն։ Ի դեպ, նույն վիճակում է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Ցավոք։
– Թուրքիան իրապե՞ս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
– Եթե իրապես շահագրգռված լիներ, ապա հեշտությամբ կլուծեր խնդիրը, մանավանդ այն դեպքում, երբ հայկական կողմը բազմիցս առաջարկել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմաններն ու հարթել երկկողմ հարաբերություններում առկա բոլոր «պատմական» կնճիռները։ Անկարան իր շահերին հետամուտ է լինում Բաքվի կողմից առաջ քաշվող պահանջներին սատարելու միջոցով ու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար պատասխանատվությունը «վերապատվիրակել» է Իլհամ Ալիևին։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















