Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություններին․ Կանադա և ՄԹ

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է․

«Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:

Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ողբերգականորեն իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու պետությունների բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը՝ ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծումը հապաղում է: Դա հնարավոր է միայն բանակցային կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ այդ ուղղությամբ առանց նախապայմանների աշխատելու նպատակով»: