«Էդմոն Մարուքյանը որքան էլ ցանկանա, չի կարող հավակնել հետագայում Հայաստանում իշխանություն լինելու դերին». Ռոբերտ Ղևոնդյան

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շատ հստակ հայտարարել է, որ իրենք լինելու են ՀՀ հաջորդ իշխանությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ մեսիջներ կան այստեղ:

– Հաջորդ իշխանությունը լինելու համար քաղաքական ուժը առաջին հերթին պետք է իրենից ներկայացնի որոշակիորեն ավելի թարմ քաղաքական գաղափար, քան ներկայացնում է այսօր իշխանությունը և ներկայացրել են նախկինները: 

Ի վերջո, մենք պետք է հաշվի առնենք, որ 2018-ին հասարակությունը մերժեց այն բոլոր քաղաքական դասավորվածությունները, որոնք կային մինչ այդ թե՛ իշխանական դաշտում, թե՛ ընդդիմադիր դաշտում: 

Դա նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը և ընդհանրապես «Լուսավոր Հայաստանը» որքան էլ ցանկանան, չեն կարող հավակնել հետագայում Հայաստանում իշխանություն լինելու դերին: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, դրան ես նորմալ եմ վերաբերվում, որովհետև քաղաքական ուժը, որն ունի քաղաքական հավակնություններ, պետք է հայտարարի, որ գնում է իշխանություն դառնալու, սակայն իրական քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ դրա հավանականությունը չնչին է:

– Մի կողմից Մարուքյանը նման հայտարարություններ է անում, մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «Լուսավոր Հայաստանի» թիկունքում նախկին իշխանությունների ականջներն են երևում: Կարծում եք նման կասկածների համար հիմքեր կա՞ն: Սա որքանո՞վ է ընդդիմությանը հարվածելու կամ խաղաքարտերը բացելու փորձ:

– Իհարկե, ես որևէ փաստ չունեմ, որ Էդմոն Մարուքյանը որևէ առնչություն ունի նախկին իշխանությունների հետ, սակայն այստեղ երկու եզրակացություն կարելի է անել:

Նախ՝ եթե «Լուսավոր Հայաստանը» կապեր ունի նախկինների հետ, ապա նրա իրականացրած որոշ գործառույթներ, հայտարարություններ բացատրվում են դրանով, երբ որոշ դեպքերում «Լուսավոր Հայաստանը» գործող իշխանությունների նկատմամբ այնպես է դիրքավորվում, որ շատերին զարմանալի է թվում, քանի որ առողջ ընդդիմությունը չպետք է այդպես դիրքավորվեր:

Երկրորդ տարբերակը, որ «Լուսավոր Հայաստանը» որևէ առնչություն չունի նախկինների հետ, այդ դեպքում այն, պարզապես, չստացված ընդդիմություն է և փորձում է ընդդիմադիր դաշտում հանդես գալ, քանի որ խորհրդարանական ընդդիմություն է թղթի վրա:

Սակայն եթե նա որևէ առնչություն չունի նախկինների հետ, ապա «Լուսավոր Հայաստանի» իրականացրած գործունեությունը ամենայն հավանականությամբ անհաջող պետք է անվանել, որովհետև այն չի իրականացնում այն գործառույթները, որը պետք է իրականացներ ընդդիմությունը՝ ներկա իշխանության պայմաններում:

Եթե իշխանությունը չունենար լեգիտիմություն, եթե լիներ այնպիսի իշխանություն, որն ունեինք նախկինում, որը լեգիտիմություն էր գնում տարբեր երկրներից, ապա գուցե խորհրդարանական ընդդիմությունը նման գործելաոճով որոշակի սոցիալական կապիտալ հավաքեր:

Այս դեպքում «Լուսավոր Հայաստանի» իրականացրած գործունեությունը, ընդհակառակը՝ վնասում է նրա վարկանիշին, և, որոշ հարցումների համաձայն՝ ԼՀԿ-ն անընդհատ կորցնում է ռեյտինգային միավորներ, քանի որ չի իրականացնում այն առողջ ընդդիմության դերակատարումը, ինչը այսօրվա պայմաններում հանրությանն անհրաժեշտ է:

– Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ ընդդիմության խնդիր ունենք, չունենք իրական հակակշիռ: Ձեր կարծիքով` ո՞րը պետք է լինի ընդդիմության խնդիրը:

– Այս հարցում իշխանությունը ճիշտ է: Իրականում այսօր քաղաքական դաշտում չկա առողջ ընդդիմություն: Կա իշխանություն, կա խորհրդարանական ընդդիմություն, որը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել:

Նրանք փորձում են իրենք իրենց ընդդիմություն անվանել: Կան նաև նոր ուժեր, որոնք նույնպես փորձում են իրենց ընդդիմություն անվանել, սակայն նրանք ընդդիմություն չեն, մարգինալացված են, որովհետև նրանցից ոմանք աշխատում են ընդդեմ հայոց պետականության, ոչ թե ընդդեմ գործող իշխանությունների: 

– Խորհրդարանում տեղի ունեցածը իշխանությունները կազմակերպված սադրանք են բնորոշում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր տեղի ունեցածը, և արդյոք այստեղ կա՞ր սցենար, թե՞ ոչ:

– Մենք տեսնում ենք, որ սադրանքի դրսևորումներ կան նաև ԱԺ-ից դուրս: Հավանական է, որ Ազգային ժողովում իրականացվածը ևս սադրանք էր, հնարավոր է՝ ուղղակի այդպես ստացվեց:

Սակայն ընդհանրապես հեղափոխության արժեքներն այնպիսին են, հեղափոխությունը տեղի ունեցավ այնպիսի արժեքների հիմքի վրա և հանրությունը դուրս եկավ պաշտպանելու այն արժեքները, որոնք պետք է հետագայում այսպիսի միջադեպերը կանխեն:

Եվ սադրանքներին տրվող իշխանական պատգամավորները կամ սադրանքների արդյունքում գործողությունները պետք է բացառվեն: Շատերն ասում են, որ որոշ անհատներ, անձինք տրվել են սադրանքի, ինչու պետք է դրանից տուժի վարչապետի անձը կամ իշխանությունը:

Այո՛, պետք է տուժի, որովհետև վարչապետն ինքը, լինելով այդ ուժի ղեկավարը, ինքն է ընտրել այդ կադրերին, իշխանությունը ներկայանում է որպես թիմ: Եթե թիմի անդամներից որևէ մեկը սայթաքում է, դրա համար պատասխան է տալիս ամբողջ թիմը: 

– Այդուհանդերձ, երբ Մարուքյանը խոսում է իրենց՝ հաջորդ իշխանություն լինելու մասին, խորքում ի՞նչ նպատակ է դրել:

– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե Էդմոն Մարուքյանն ու իր թիմը ի՛նչ նպատակ են դրել, ես ասացի, որ կա երկու հնարավոր տարբերակ՝ կամ կապ ունեն նախկինների հետ, կամ կապ չունեն: Եթե կապ ունեն, ապա նրանք փորձում են ինչպես նախկինների որոշ դերակատարներ և թիմեր, քաոս ու կառավարման ճգնաժամ առաջացնել երկրում:

Իսկ եթե կապ չունեն, փորձում են որպես առողջ ընդդիմություն հանդես գալ, սակայն չեն կարողանում: Ինչ վերաբերում է նրան, թե իրենք հետագայում իշխանություն կարո՞ղ են դառնալ, թե՞ չեն կարող, այդ ուժի շանսերը չնչին են՝ հաշվի առնելով նրանց կողմից իրականացվող գործունեությունը: Իհարկե, դեռ երեք տարի ունենք մինչև հաջորդ ընտրություններ, և եթե նրանք սրանից հետո փոխեն իրենց գործելաոճը և սկսեն դրսևորել առողջ ընդդիմության գործելաոճ, ամեն ինչ հնարավոր է:

Դրանից և՛ քաղաքական դաշտը կառողջանա, և՛ տեղի կունենա քաղաքական դաշտի հավասարակշռում: Որովհետև այսօր իշխանության դեմ են դուրս եկել մարգինալ խմբեր, որոնք չունենալով սոցիալական կապիտալ, աշխատելով միմիայն որոշակի ներքին ու արտաքին ուժերի ֆինանսավորմամբ և այդ ուժերի շահերին ծառայելով՝ չեն կարողանում իրական քաղաքական հակակշիռ ստեղծել ներկա իշխանությանը: ՀՀ իշխանությունն այսօր այդ հակակշռի բացակայության պատճառով ունենում է նաև ներքին դեֆորմացման խնդիրներ:

Այդ դեֆորմացման արտահայտություններից մեկն էլ այն է, որ սկսում են տրվել սադրանքների, սկսում են իրականացնել գործողություններ, որոնք չեն համընկնում հեղափոխության արժեքների հետ:

Հենց իրենք էլ առաջին հերթին մեղավոր են այս իրավիճակի համար, որ դաշտը այս պահին դեռևս մաքրված չէ, թեև իրենք երկար ժամանակ ունեին դա իրականացնելու համար: Իրավիճակն այնպիսին է, որ առողջ ընդդիմության գոյությունն այսօր կարող է հավասարակշռել քաղաքական դաշտը: Այդ դեպքում իշխանությունն էլ կգործի ավելի արդյունավետ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am