«Փակ դուռը բացվել է». Ուրուգվայը կճանաչի ՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը

«Փակ դուռը բացվել է». Ուրուգվայը կճանաչի ՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը
«Փակ դուռը բացվել է». Ուրուգվայը կճանաչի ՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի` Լեռնային Ղարաբաղի անկախություն շնորհելու վերաբերյալ անակնկալ հայտարարությունը թեեւ մի քանի օր է, ինչ տարաբնույթ քննարկումների եւ կանխատեսումների առիթ է դարձել, այնուամենայնիվ վերլուծաբանները չեն կարծում թե առաջիկայում կարելի է որեւէ էական առաջընթաց տեսնել այս հարցում:

«Չեմ կարծում, թե Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը ինչ որ էական բան կփոխի Հայաստանի եւ Ղարաբաղի համար, կարծում եմ, դա նախարարի անձնական տեսակետն էր, ոչ ավելի,-«Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը,- չեմ կարծում որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումից շուտ այլ երկրները գնան այդ քայլին»:

Սեպտեմբերի 9-ին,Լուիս Ալմագրոն, խոսելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ասել է, թե Ուրուգվայը ուսումնասիրում է հարցը` «պետականորեն տեսակետ հայտնելու համար»:

«Սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը», – ՀՅԴ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Ուրուգվայի արտգործնախարարը:

Մինչ շատերը փորձում են կապ տեսնել մոտ 20.000 փոքր հայ համայնք ունեցող Ուրուգվայի նման բարեկամական մոտեցման վերաբերյալ, այս հայտարարությունը արդեն իսկ շատերին հուսալու եւ հետագա զարգացումների կանխատեսումների առիթ է տվել:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայտարարությունն «աննախադեպ» է որակել:

«Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

Սակայն մինչ քննարկումներն արդեն իսկ, ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի, Ղարաբաղում հայտարարությունը որքան անսպասելի, այնքան էլ ոգեւորիչ է եղել ժողովրդի համար:

Նա ասում է, որ իրավիճակի զարգացմանը զուգահեռ, Ղարաբաղն անպայման իր երախտագիտության խոսքը կասի Ուրուգվայի իշխանություններին, քանի որ Լուիս Ալմագրոյի հայտարարությամբ սկիզբ է դրվել ԼՂՀ միջագային ճանաչմանը, մեկնարկ է տրվել մի գործընթացի, որին Ղարաբաղի ժողովուրդը երկար է սպասել: Միեւնույն ժամանակ նշում է, որ սերտ կապեր Ուրուգվայի հետ որպես այդպիսին Ղարաբաղը չունի:

«Մենք հասկանում ենք, որ դա չի նշանակում որ վաղը եւեթ կճանաչվի մեր անկախությունը, սակայն փակ դուռը բացվել է, եւ եթե մի քանի տարի էլ այդ գործընթացը տեւի, միեւնույն է մենք երախտապարտ ենք Ուրուգվային,-ասում է նա,-Ուրուգվայի այս քայլը թե քաղաքական թե իրավական եւ բարոյական առումով չափազանց կարեւոր է»:

Բաբայանը հայտարարությունից հետո հնարավոր է համարում Ուրուգվայի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումների հավանականությունը, սակայն նաեւ հավելում է, որ արտգործնախարարի հայտարարությամբ միջազգային հանրությունը` մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներն, առավել լրջությամբ կսկսեն մոտենալ ղարաբաղյան հիմնախնդրին:

«Ուրուգվայը հասկանում է մեր զգացմունքները,- «Մեդիալաբին» ասում է Բաբայանը,-չունենալով աշխարհաքաղաքական շահ այս տարածաշրջանում, ոչ էլ նավթային հետաքրքրություն, Ուրուգվայն իր աջակցություն է ցույց տալիս` անկեղծորեն»:

«Անկեղծության» մասին է խոսում նաեւ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Լատինական Ամերիկայի երկրները կարող են ճանաչել Արցախի անկախությունը և հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ,-ասում է Ստեփան Սաֆարյանը, որի կուսակցությունը ԱԺ էր ներկայացրել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախություն ճանաչելու օրինագիծ-: Այդ երկրները կարող են գնալ նման քայլի, քանի որ լուրջ աշխարհաքաղաքական շահեր չունեն տարածաշրջանում, որոնք հետ կպահեին նրանց դրանից, բացի այդ նրանց քաղաքականության մեջ առկա է բարձր արժեքային համակարգը»:

Սակայն, արժեքային համակարգից եւ հայկական հարցերի ու ազգային ազատագրական պայքար մղող երկրների նկատմամբ Ուրուգվայի ուրույն վերաբերմունքից զատ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարության հետեւում տեսնում է իրենց տարած աշխատանքի պտուղները:

«Մեր կողմից այդ ուղղությամբ Ուրուգվայում լուրջ աշխատանքներ են տարվել,- ասում է Կիրո Մանոյանը` խոսելով ԼՂՀ անկախության եւ հայտարարության մասին,- Սա սկիզբն է տակավին»:

© Medialab.am