Հայաստանի Հանրապետությունը քաղաքականության ոլորտում առ այսօր զուրկ է հոդաբաշխ կերպով ձևակերպված ռազմավարությունից. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, թե Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում, որն արդեն իսկ տալիս է իր արդյունքները: Որո՞նք են այդ արդյունքները, համակարծի՞ք եք նրա այդ պնդմանը: 

– Հիմնվելով իր իսկ ասածների վրա՝ նախ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքականության ոլորտում առ այսօր զուրկ է հոդաբաշխ կերպով ձևակերպված ռազմավարությունից։ Ըստ այդմ՝ քաղաքականության ոլորտում Հայաստանի պետական ռազմավարության բացառիկ աղբյուրն ու գաղափարակիրը նույն ինքը վարչապետ Փաշինյանն է։ Այդ բացառիկ աղբյուրն օրերս հայտարարել է, որ ինքն ու իր համախոհները հանգել են այն եզրակացությանը, որ Հայաստանի անկախության մակարդակն ավելացնելու համար անհրաժեշտ է, որ երկրի կախվածությունը սակավաթիվ օտար պետություններից փոխարինվի հնարավորինս շատ օտար պետություններից ունենալիք կախվածությամբ։ 

Այս տրամաբանության շրջանակներում կարելի է ենթադրել, որ Փաշինյանին հաջողվել է էապես ավելացնել այն պետությունների թիվը, որոնցից Հայաստանն ինչ-ինչ նոր կախվածություններ է ձեռք բերել իր վարչապետության օրոք, և դա գնահատվում է որպես դրական արդյունք։

– «Մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»,- այս մասին Antlantic council-ի շրջանակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի այս ցանկությունը իրականություն դառնալու նախադրյալներ ունի՞: Ինչի՞ դիմաց կհամաձայնեն Թուրքիան ու Ադրբեջանը կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

– Այս ցանկությունը կարող է իրականություն դառնալ, եթե ավելի լայն տարածաշրջանային գործընթացների համատեքստում այն ունենա Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակները զսպելու ընդունակ ազդեցիկ երաշխավոր։ Այս փուլում այդ դերը կարող է ստանձնել բացառապես պաշտոնական Վաշինգտոնը։ Բայց, անկախ ամեն ինչից, Հայաստանը պետք է բավարար դիմադրունակություն դրսևորի տարաբնույթ արտաքին ճնշումների հանդեպ՝ միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի ակնկալել ԱՄՆ միջամտությունը ու վերջինիս կողմից անվտանգային բավարար երաշխիքների ապահովումը։ 

– Փաշինյանն ասում է, թե խաղաղությունն այժմ առավել քան երբևէ հասանելի է, ու քաղաքական կամք է պետք միայն դա արձանագրելու համար: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները՝ վարչապետի այս պնդումը իրատեսական կարելի՞ է համարել:

– Տարածաշրջանային զարգացումները դեռևս ակտիվ ծավալման փուլում են, և ուժերի նոր բալանսն այստեղ կարող է ձևավորվել բացառապես Իրանի խնդրի լուծումից հետո։ Կարծում եմ, որ Իրանի խնդրի լուծում ԱՄՆ-ի ու վերջինիս մերձավորագույն դաշնակիցների համար կհամարվի ԻԻՀ կղերապետական ռեժիմի տապալումն ու այնտեղ աշխարհիկ իշխանության հաստատումը։ Մինչ այդ, Փաշինյանի ակնկալած խաղաղությունը կարող է հաստատվել բացառապես Վաշինգտոնի տրամադրած երաշխիքների շնորհիվ։ Սակայն այդ երաշխիքների տրամադրումը ևս, հավանաբար, կախված կլինի Իրանի խնդրի լուծման համար ընտրված կոնկրետ սցենարի առանձնահատկություններից։

– Պարո՛ն Մելիքյան, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նոր վարչակազմը Հայաստանի նկատմամբ: Թրամփը կարո՞ղ է նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը:

– Անշուշտ Թրամփը կարող է նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանն էլ, խաղաղության պահպանմանն էլ, այլ հարց է, թե արդյոք պաշտոնական Վաշինգտոնը անհրաժեշտ կհամարի՞ դա։ 

Առայժմ տեսանելի է, որ նախագահ Թրամփը առաջնահերթ է համարում Իսրայելի համար հուսալի անվտանգային նոր միջավայր ձևավորելու հարցը, ինչպես նաև ընդգծված համակրանք է ցուցաբերում Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդեպ։ Այդ երկու պետություններն էլ ամենասերտ դաշնակցային/բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ 

Չգիտեմ, թե արդյոք վարչապետ Փաշինյանի թիմն ունակ կգտնվի՞ նախագահ Թրամփի վարչակազմի համար երկկողմ հարաբերությունների ոլորտում գրավիչ նոր օրակարգ առաջարկել, որի դիմաց ակնկալվող երաշխիքները կտրամադրվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am