Հետընտրական սադրանք. Ադրբեջանական կողմը կրկին ռմբակոծել է Տավուշի մարզի գյուղերը

Հետընտրական սադրանք. Ադրբեջանական կողմը կրկին ռմբակոծել է Տավուշի մարզի գյուղերը
Հետընտրական սադրանք. Ադրբեջանական կողմը կրկին ռմբակոծել է Տավուշի մարզի գյուղերը

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներին Կարմիրաղբյուր եվ Այգեպար գյուղերում գիշերը ժամը 2-ի կողմը ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել է:
Այս գյուղերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով շուրջ 300-500 մետր հեռավորության վրա են, մշտապես հակառակորդի նշանառության տակ են։

Ինչպես տեղեկացնում է Razm.info-ն Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի հավաստամամբ զոհեր ու տուժածներ չկան:

«Ճիշտ է, միշտ էլ կրակում են, հատկապես այս տարի ավելի հաճախակի են դարձել կրակոցները, բայց այս գիշերվա պես դեռևս չէր եղել»,- նշել է Ապերյանը։

Գյուղապետի կարծիքով վերջին օրերի կրակոցները պայմանավորված են մայիսի 9-ի հետ, երբ Հայաստանում ու հատկապես Արցախում իր ծավալներով և հանդիսավորությամբ աննախադեպ զորահանդես է անցկացվելու՝ Շուշի քաղաքի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակների և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 67-ամյակի առթիվ։

«Մենք էլ էինք պատրաստվել տոնակատարությունների, մեծ համերգ էր լինելու գյուղում, բայց հավանաբար կհրաժարվենք որոշ միջոցառումներից, որպեսզի ավելորդ անգամ թշնամու համար թիրախ չդառնանաք»,-ասել է գյուղապետը։

Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Հակոբ Իսրայելյանն Razm.info-ի տեղեկացմամբ նշել է, որ գյուղի վրա կրակել են գրեթե մինչև լուսաբաց։

«Անընդհատ կրակում էին, հիմնականում ԴՇԿ-ով ու ՊԿ-ով։ Առավոտյան նույնիսկ մեր տան մոտ մի քանի ԴՇԿ-ի գնդակ կար ընգած։ Բայց դե մենք լույսերն անջատել ու քնել էինք, ի՞նչ անենք, արդեն սովորել ենք էս կրակոցներին»,- նշել է Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Տավուշի մարզի Դովեղ գյուղում ադրբեջանակն կողմը կրկին կրակահերթ էր բացել գյուղի հրապարակում գտնվող մանկապարտեզի ուղղությամբ:

ԴՇԿ տիպի զենքով արձակված փամփուշտից վնասվել էր մանկապարտեզի շենքը եւ բնակիչները հասցրել էին տարհանել երեխաներին անվտանգության նկատառումներից ելնելով:

Նույն օրերին, Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել էին երեք հայ զինծառայողներ:

Անցյալ շաբաթ, այս միջադեպերից հետո  «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան արդբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանել էր, որ Հայաստանում կատարվող ցանկացած լուրջ գործընթացի ժամանակ, լինեն ընտրություններ թե հետընտրական զարգացումներ, ադրբեջանցիները պահը բաց չեն թողնում սադրանքների դիմելու համար:

«Այսինքն` օգտվելով երկրի ներսում խառը իրավիճակից, փորձում են ստուգել հայկական զորքերի զգոնությունը»,- ասել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

© Medialab.am