«Հակադրությունը արդեն Հայաստանի համար շատ վատ է, անկախ նրանից՝ կողմերից որ մեկի հաղթանակով կավարտվի»․ Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, աշխարհաքաղաքական այս բարդ շրջանում Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ վիճակում է հայտնվել, կկարողանա՞ ընթացող գործընթացներում չեզոքություն պահպանել։

– Հայաստանը, դժբախտաբար, կանգնած է ծանր մարտահրավերների առաջ, ոչ միայն Հայաստանը, ընդհանրապես, բոլոր այն երկրները, որոնք ռեսուրսների ու սուբյեկտայնության պակաս ունեն, կանգնած են շատ բարդ երկընտրանքի առաջ։ Որովհետև մի կողմից բոլորիս համար ակնհայտ է, որ կա Մոսկվայի ճնշումը, մյուս կողմից՝ կա ցանկությունը՝ հնարավորինս չեզոք դիրք ունենալ աշխարհաքաղաքական այս հակամարտության մեջ։

Հայաստանի արտգործնախարարության լակոնիկ հայտարարությունը հույսեր է ներշնչում՝ իշխանությունը հասկացել է, որ չեզոքություն պետք է պահպանել, բայց ես լավատես չեմ։

Ցավոք սրտի, Հայաստանի սուբյեկտայնության էական սահմանափակումն ինձ թույլ չի տալիս լավատես լինել, ու չեմ կարծում, որ իշխանությունը նման կոնֆիգուրացիայով կարող է մինչև վերջ դիմակայել ճնշումներին։ Դրա համար պետք է, որ երկրի ներսում բարիկադները վերացվեն, քաղաքական ուժերը կարողանան կոնսենսուսի գալ գոնե արտաքին քաղաքական մի քանի սկզբունքային հարցերի շուրջ։ Այսինքն՝ իշխանությունը պետք է կարողանա քաղաքական ու հանրային երկխոսության միջավայր ձևավորել երկրում, ինչն առայժմ չեմ տեսնում։

– Ձեր գնահատմամբ՝ հիմա Հայաստանը Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի կողքին է։

– Հայաստանից ոչինչ կախված չէ, ցավոք սրտի, 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Հայաստանն այնպիսի վիճակում է, որ մեծ ընտրության հնարավորություն չունի, այսինքն՝ եթե էսկալացիան խորանա, Հայաստանին չեն էլ թողնի ընտրություն կատարել։ Պարզ է, որ երկաթե վարագույր է քաշվելու, և մենք վարագույրի շատ կանխատեսելի կողմում ենք գտնվելու, հայտնվելու ենք ռուսական տոտալ ազդեցության գոտում։

Այլ բան, եթե այդ վիճակում հմուտ բանակցելով, սեփական օրակարգ ունենալով՝ կարողանանք կառավարելի դարձնել ռիսկերը, բայց իշխանության որակն ինձ լավատեսություն չի ներշնչում։ Սա իշխանություն է, որն արժանապատիվ քաղաքականություն վարելու փոխարեն գերադասում է արտաքին հարաբերություններում գրեթե մշտապես գնալ զիջումների ճանապարհով։

Եթե դիտարկենք 44-օրյա պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածը, կտեսնենք, որ իմ պնդումն առարկայազուրկ չէ։ Մենք չունենք այն որակի իշխանությունը, որը կկարողանա պահպանել մի կողմից հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, մյուս կողմից՝ Մոսկվային համոզել, որ, օրինակ՝ Լուգանսկի կամ Դոնեցկի հանրապետությունների ճանաչումը չի կարող բխել Հայաստանի շահերից։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, այդ հաղթանակը ի՞նչ է նշանակելու մեծ աշխարհի ու Հայաստանի համար։

– Ռուսաստանը կհաղթի, թե չի հաղթի՝ դա արդեն կարևոր չէ, որովհետև նա կարմիր գիծը, ըստ էության, անցել է, խոսքս Ուկրաինա ներխուժելու մասին է։ Սա արդեն խոսում է այն մասին, որ միաբևեռ աշխարհ այլևս չունենք, բազմաբևեռ հարաբերություններ են, բնականաբար, անտագոնիստական հարաբերություններ են առաջանալու, առաջանալու են ազդեցության գոտիներ, բնականաբար մենք հայտնվելու ենք, գոնե տեսանելի ապագայում, ռուսական ազդեցության գոտում, իսկ դա նշանակում է, որ առաջին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու ռեսուրսը սահմանափակվելու է կամ հավասարվելու է գրեթե զրոյի։

Երկրորդ՝ մենք կորցնելու ենք Արևմուտքը՝ որպես գործընկեր, ներքին ռեֆորմացիայի հարցում, այսինքն՝ երկրի ներսում դանդաղելու են ռեֆորմները կամ ռեֆորմներ ընդհանրապես չեն լինելու, որովհետև, գիտենք, որ ռուսական աշխարհը չի փայլում ռեֆորմներով։

Երրորդ՝ ես վախենում եմ, որ Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը հանգեցնի Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ ոչնչացմանը, ինչը կբերի նրան, որ փակուղում կհայտնվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը։ 

Չորրորդ՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ահռելի կախվածությունը ռուսական շուկայից, Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանգեցնելու են Հայաստանում տնտեսական ճգնաժամի։

Հայաստանի համար ռուս-ուկրաինական պատերազմը այս չորս տեսանելի հետևանքները կարող է ունենալ։ Ի դեպ, ես այն փորձագետներից չեմ, որ կարծում են, թե այս հակամարտությունը շուտ է վերջանալու։ Պետք չէ խաբվել առաջին օրերի էյֆորիկ տրամադրություններով, որովհետև այս պատերազմը չափազանց մեծ ռեսուրսներ է լափելու Ռուսաստանից, անխուսափելիորեն, Ուկրաինայում ձևավորվելու են դիմադրության օջախներ։

– Այսինքն՝ անկախ Ռուսաստանի հաղթանակից կամ պարտությունից, Հայաստանն արդե՞ն վատ վիճակում է։

– Հակադրությունն արդեն Հայաստանի համար շատ վատ է, անկախ նրանից՝ կողմերից ո՛ր մեկի հաղթանակով կավարտվի այն, որովհետև հակադրությունը նշանակում է, որ աշխարհում առաջանալու են  մի քանի ազդեցության գոտիներ, ինչն ինքնին վատ է փոքր երկրների համար, որովհետև նրանք կանգնելու են պարտադրված ընտրության առաջ։

– Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից ու Հայաստանի սահմաններին լարվածություն կստեղծի՝ փորձելով լուծել Սյունիքի խնդիրը։ Դուք և՞ս այս կարծիքին եք։

– Արևմուտքի ու Ռուսաստանի կոշտ հակադրությունը չի սահմանափակվելու մեկ թատերաբեմով, հաստատ, այսինքն՝ այն ունի տարածվելու էֆեկտ։ Մենք գտնվում ենք Արևելյան Եվրոպայի հարևանությամբ, բնականաբար, եթե այստեղ էլ ուժերի բալանսը խախտվի, դա հանգեցնելու է նրան, որ փխրուն հրադադարը կարող է խախտվել։ Ամեն ինչ կախված է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումներից։

Եթե կայունությունը, այնուամենայնիվ, պահպանվի, մեծ փոփոխություններ մեր տարածաշրջանում չեն լինի, բայց այստեղ մի կարևոր բան եմ ուզում շեշտել․ անկախ գեոպոլիտիկ գործոններից, Հայաստանն առավելագույնը պետք  է անի իր հարևանների հետ դիալոգը խորացնելու ուղղությամբ։

Մեր անվտանգության  հիմնական երաշխիքն ու պատերազմի ռիսկերի չեզոքացումը հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դիալոգը զարգացնելն է։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է նվազագույնի հասցնել պատերազմի ռիսկերը, մենք չպետք է կրկնենք Ուկրաինայի ղեկավարության սխալները, հույսներս պետք է դնենք մեզ վրա, վարենք պրագմատիկ քաղաքականություն, բնականոն հարաբերություններ ունենանք հարևանների հետ, սա պատերազմից խուսափելու միակ բանաձևն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am