«Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել». Կարեն Ավագյանի գրասենյակը` Ռոբերտ Քոչարյանին

«Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել».  Կարեն Ավագյանի գրասենյակը` Ռոբերտ Քոչարյանին
«Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել». Կարեն Ավագյանի գրասենյակը` Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել: Քոչարյանի գրասենյակի` հունվարի 15-ի  հաղորդագրությունից հետո կրկին արտահայտվել  է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործող նախագահ Կարեն Ավագյանը, որի  գրասենյակի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։

Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։

Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։ Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից և դռնապանից։

Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, 2013-ի տարավերջին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուշադրության կենտրոնում հայտնվեցին միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքների շնորհիվ:

Տարեվերջյան ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր Քոչարյանի պաշտոնավարման տարիներին վարած տնտեսական քաղաքականությունը, ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական աճի ձախողման համար մեղադրել էր վարչապետին ու նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց:

«Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար):  Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ ինչ-որ այլմոլորակայիններ,-մասնավորապես ասել էր Քոչարյանը:

Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»:

© Medialab.am